2015թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ Տավուշի մարզի զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 5474 աշխատանք փնտրող անձ, որոնցից 4575-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ:
Մարզերում գործազրկության մակարդակը նվազեցնելու նպատակով գործադիր մարմինը վարձատրվող հասարակական աշխատանքների փորձնական ծրագրեր կիրականացնի: Բնականաբար, թիրախային է սահմանամերձ Տավուշը, որտեղ էլ հենց տեղի Է ունենալու առաջին ծրագիրը:
Ծրագիրը կյանքի կոչելու համար կառավարությունը հատկացնելու է 60 միլիոն 600 հազար դրամ:
Տարբեր համայնքների ղեկավարներին հնարավորություն է տրվում ներկայացնել իրենց սեփական ծրագրերը՝ համայնքում առկա գործազրկությունը նվազեցնելու նպատակով:
Վերը նշվածի շրջանակներում աշխատատեղեր կլինեն սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների տարածքների բարեկարգման, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, լուսավորության ապահովման, սանիտարական մաքրման, կանաչապատման, ծառատնկման աշխատանքների, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքների, պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ, գերեզմանատների ցանկապատման, բարեկարգման աշխատանքների և նմանատիպ այլ ոլորտներում:
Աշխատանքի անցնելուց առաջնայնություն կտվրի՝ սոցիալական նպաստ ստացողներին, երկու և ավելի անչափահաս երեխաներ ունեցողներին, և այն ընտանիքների անդամներին, որտեղ առկա է հաշմանդամություն ունեցող անձ:
Արմեն Վարդանյան