Այսօր գործադիրը դրական եզրակացություն տվեց պատգամավոր «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների նկատմամբ հաշվարկված 5 տոկոս շրջանառության հարկի դրույքաչափը նվազեցնելու հնարավորությանը:
Գործող օրենքով՝ 2015թ. մայիսի 7-ին արված փոփոխությունների համաձայն սահմանված է առեւտրական գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցումներ կատարելու հնարավորություն մինչև 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոս դրույքաչափով, եթե ծախսերը հիմնավորված են երկկողմանի հաստատված հաշվարկային փաստաթղթերով:
Սակայն երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների դեպքում հաշվարկված 5 տոկոս շրջանառության հարկի դրույքաչափը գործնականում հնարավոր չէ նվազեցնել, քանի որ առեւտրական գործունեություն իրականացնողի համար գրեթե անհնար է ապահովել ծախսերի (ձեռք բերումների) երկկողմանի հաստատված փաստաթղթավորում:
Նախագծի ընդունման դեպքում երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների նկատմամբ հաշվարկված 5 տոկոս շրջանառության հարկի դրույքաչափը հնարավոր կլինի նվազեցնել շուկայից կատարած ձեռք բերումների (ծախսերի) հանրագումարի 4 տոկոսը կազմող գումարի չափով՝ միակողմանի գնման ակտեր կազմելու միջոցով:
Երկրորդային հումք են համարվում «Թափոնների մասին» ՀՀ օրենքի համաձայն' արտադրության եւ սպառման թափոններ համարվող ապրանքները, այդ թվում' արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքը, նյութերը, արգասիքները եւ այլ արտադրանքի մնացորդներն ու սկզբնական սպառողական հատկությունները կորցրած արտադրանքը: «Շրջանառության հարկի մասին» օրենքի իմաստով երկրորդային հումքի ցանկը կսահմանի ՀՀ կառավարությունը, օրենքի ընդումից հետո՝ 3 ամսվա ընթացքում:
Յուրաքանչյուր երկրի համար երկրորդային հումքի վերամշակումը կարեւոր բնապահպանական եւ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հարց է: Որոշ երկրների համար երկրորդային հումքի վերամշակումը դարձել է բազմամիլիարդավոր բիզնես, մասնավորապես՝ Գերմանիան, Ճապոնիան, Չինաստանը, Շվեցիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն: Ընդորում վերջին երկու երկրները մեծ քանակությամբ թափոններ արտահանում են Չինաստան, որը վերամշակում և օգտագործում է այն որպես երկրորդային հումք:
Նախագծով առաջարկվող փոփոխության շնորհիվ բարենպաստ պայմանններ կստեղծվի երկրորդային հումքի հավաքման եւ հետագա վերամշակման համար:
Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով:
Տիգրանուհի Դավթյան