Հայաստանը տարբեր ուղղություններով շարունակում է գործակցությունը ԵՄ-ի հետ: Վերջինս տարածաշրջանում մնում է կարևորագույն դերակատարներից մեկը և ժամանակ առ ժամանակ ի ցույց է դնում իր շահագրգռվածությունը ՀՀ-ի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Հայկական կողմը նույնպես հետաքրքրված է ԵՄ-ի հետ հարաբերությունների առաջընթացի հարցում: Հաշվի առնելով երկու կողմերի փոխադարձ շահագրգվածությունը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու տեսանկյունից պայմանագրային հարաբերությունների մշակման գործում առաջընթացի անհրաժեշտություն է առաջացել:
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը դեռևս մայիսին դիմել էր Եվրամիության խորհրդին՝ Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ պաշտոնական բանակցություններ սկսելու մանդատի համար, և արդեն իսկ նախօրեին ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհուրդը Եվրահանձնաժողովին լիազորել է սկսել Հայաստանի հետ բանակցությունները՝ իրավական նոր հիմքի շուրջ:

 


ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտին նախատեսվում է կնքել համաձայնագիր, որը կլինի իրավաբանական ակտ՝ իր քաղաքական և տնտեսական բաղադրիչներով: Նոր փաստաթղթում Եվրամիության ու Հայաստանի գործարարների, ներդնողների համար հստակ կերպով սահմանվելու են փոխգործակցության կանոնները: Քաղաքական մասով, նոր փաստաթուղթը կենտրոնանալու է ժողովրդավարության հարցերի վրա: Հնարավոր է նաև, որ Բրյուսելը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների դիմաց խոստանա ֆինանսական որոշակի աջակցություն:

 


Պետք է փաստել, որ նոր փաստաթուղթը և քաղաքական, և տնտեսական տեսանկյունից առանցքային նշանակություն կունենա Հայաստանի համար: Մի կողմից այն հնարավորություն կտա զարգացնել հարաբերությունները Բրյուսելի հետ՝ առանց ԵՏՄ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին խոչնդոտելու, մյուս կողմից կընդգծի, որ Հայաստանը ԵՄ-ի համար իր ռազմավարական նշանակությունը չի կորցրել։ Բացի այդ համաձայնագրի կնքումը որոշակի հիմք կստեղծի, որպեսզի Հայաստանը դառնա որոշ առումով ԵՄ-ԵՏՄ միջև համագործակցության պլացդարմ:

 

Նարեկ Պողոսյան