Ուշագրավ ռուս-թուրքական զարգացումներ' սիրիական ճգնաժամի շուրջ: Ըստ «Ռոյթերս» գործակալության, այսօր Բրյուսելում կայացած բրիֆինգում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտարարել է, որ «համապատասխան զարգացումների» դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ կլինի զորքեր ուղարկել Թուրքիայի հարավ' պաշտպանելու համար իր դաշնակից Թուրքիային:

 


«ՆԱՏՕ-ն պատրաստ է և ունակ է պաշտպանության տակ առնել իր բոլոր ռազմավարական դաշնակիցներին, ներառյալ Թուրքիային' ցանկացած մարտահրավերների դեպքում: Ներկայումս դաշինքը մշտական մոնիտորինգ է իրականացնում Սիրիայի տարածքում և թուրքական ղեկավարության հետ քննարկում է Թուրքիա լրացուցիչ ռազմական ստորաբաժանումներ ուղարկելու հարցը: ՆԱՏՕ-ն արդեն իսկ արձագանքել է Սիրիայի շուրջ իրավիճակի փոփոխությանը և բարձրացրել իր զորքերի հնարավոր տեղափոխման պատրաստվածության աստիճանը»,- ասել է Սթոլտենբերգը:

 


Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները սրվեցին, երբ ռուսական ռազմական ինքնաթիռները (օդ բարձրացրած «Իսլամական պետության» թիրախների վրա հարվածներ հասցնելու նպատակով) հատեցին թուրքական օդային սահմանը, որն էլ հանգեցրեց Թուրքիայի կտրուկ անձագանքին: Երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնում էր արդեն Ռուսաստանին «գազային պատերազմով»' խոսում էր ռուսական գազ գնելուց հրաժարվելու մասին, միաժամանակ շեշտելով, որ ներկայումս Թուրքիան է ռուսական գազի թիվ մեկ սպառողը:

 


«Թուրքիան մեծ կորուստ կլինի Ռուսաստանի համար, և եթե պետք լինի, Թուրքիան կկարողանա գազ գնել այլ երկրներից և անպայման կգտնի այլընտրանք»,- ասել է Էրդողանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Մինչդեռ դեռևս անցյալ ամիս Պուտինն ու Էրդողանը բարեկամական ջերմ մթնոլորտում Մոսկվայում մասնակցում էին Եվրոպայի ամենամեծ մզկիթի բացմանը' իսկ հիմա ահա տեղի է ունենում այսպիսի շրջադարձ:

 

 

Ռուբեն Շուխյան