Իր հոկտեմբերի 8- ի նիստում կառավարությունը մտադիր է հաստատել չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը: 2016թ. հունվարի 1- ից նպաստը վճարելը սահմանված է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ: Դրա համաձայն կարգից բացի գործադիրը սահմանելու է մայրության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև նպաստ չնշանակելու դեպքերը: Որոշման նախագծով նախատեսվում է կարգավորել մայրության նպաստը նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:
Մասնավորապես՝ -մայրության նպաստը նշանակվում և վճարվում է, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեով, -մայրության նպաստը նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել ինչպես շահառուն՝ նպաստի իրավունք ունեցող կինը, այնպես էլ այլ անձ, -մայրության նպաստը նշանակելու համար ներկայացվում են դիմում, դիմողի և շահառուի անձը հաստատող փաստաթղթերը, հանրային ծառայությունների համարանիշները կամ համարանիշ չստանալու տեղեկանքները, բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, ծննդօգնության պետական հավաստագիրը, -երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, -եթե մայրության նպաստը նշանակելու դիմումը ներկայացրել է շահառուն, ապա մայրության նպաստը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ շահառուի ընտրությամբ:
Եթե դիմումը ներկայացրել է այլ անձ, ապա նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով, և այլն: Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է հաստատել նաև լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող՝ նպաստն անկանխիկ կամ կանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը:
Կարեն Մկոյան