Արարատի մարզի մի շարք համայնքների խաղողագործներ երեկ կրկին փակել էին Երևան-Մեղրի ավտոճանապարհը: Գյուղացիներն այս կերպ փորձում էին արտահայտել իրենց դժգոհությունը' նշելով, որ խաղողի մթերման գործընթացը սխալ է կազմակերպվում, ինչի արդյունքում իրենք հայտնվել են անելանելի իրավիճակում:
Նկատենք, սակայն, որ միայն խաղողագործները չէ որ հայտնվել են փաստի առաջ: Մթերող ընկերությունների վիճակը նույնպես նախանձելի չէ: Ընկերությունները փորձում են անել հնարավորը, ժամանակին իրացնել բերքը, որպեսզի այն չփչանա, սակայն այստեղ էլ մեկ այլ խնդիր է առաջ գալիս. գործարանների պահեստներում այլևս տեղ չկա, գյուղացիների մի մասն էլ չի ուզում պայմանագիր կնքել և խաղողը վաճառել նախօրոք պայմանավորված գնից ցածր, ինչը բերքի նման առատության պայմաններում իրատեսական չէ:
Բացի այդ կրճատվել են նաև գինու և կոնյակի արտահանման ծավալները ռուսական շուկա, որն ավելի շատ պայմանավորված է ոչ թե պակաս վաճառքով, այլ տարադրամի տատանումներով (ՀՀ-ն վաճառքն իրականացնում է դոլարով, իսկ ՌԴ-ն' ռուբլով), ինչն էլ խնդիրներ է առաջացնում շուկայում ու բացասաբար անդրադառնում արտահանող ընկերությունների վրա:
Սակայն հարկ է փաստել, որ ստեղծված իրավիճակում արտահանման ծավալները չեն նվազել: Ներկայումս ՀՀ-ից արտահանվել է 60 600 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Այդ թվում' 5699 տոննա խաղող' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4481 տոննայի դիմաց։ Խաղողը հիմնականում արտահանվել է ՌԴ, Վրաստան, Ղազախստան և Բելառուս։
Նկատենք, որ այս տարի խաղողի բերքն աննախադեպ առատ է: Բոլոր նրանք, ովքեր նախօրոք պայմանագիր են կնքել մթերող ընկերությունների հետ, նրանց բերքը մթերվել է, հիմա արդեն անհատական պայմանագրեր են կնքվում' փորձելով ընդառաջել խաղողագործներին:
Նշվածի վառ օրինակ կարող է հանդիսանալ Արարատի մարզի Արևշատ համայնքը: Գյուղապետի, խեսքով գյուղում չնչին քանակությամբ խաղող է մնացել' հիմնական մասը մթերվել է որոշ գործարարների կողմից:
Եվա Գրիգորյան