Իրանի ազգային անվտանգության նախարար Մահմուդ Ալավիի հայտարարության համաձայն' Իրանի կառավարությունը, Մեքքայում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո, պատրաստվում է հայց ներկայացնել Սաուդյան Արաբիայի դեմ:
Iran.ru-ի փոխանցմամբ, Իրանի կառավարությունը մի շարք գերատեչությունների հանձնարարել է հետաքննություն անցկացնել, պարզելու համար, թե Մեքքայում տեղի ունեցածը պատահականության արդյունք է, թե' դիտավորություն:
Մեքքայում տեղի ունեցած դեպքերին անդրադարձել է նաև Իրանում' հաջի կազմակերպիչ Սայիդ Օհադին, ով նշել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանություններն անվտանգության ոլորտում սխալ հաշվարկներ են կատարել, ինչը հանգեցրել է հաջ կատարող ուխտավորների շրջանում մեծ թվով զոհերի։
Հիշեցնենք, որ Մեքքայում հաջի ժամանակ զոհերի թիվը հասել է 750-ի, որոնցից 465-ը եղել են Իրանի քաղաքացիներ: Դեպքը տեղի է ունեցել Մեքքայի մոտակայքում՝ Մինա հովտում: Հրմշտոցը տեղի է ունեցել հաջի Ռամի ալ-ջամարաթ ծիսակատարության ժամանակ, որի ընթացքում ուխտագնացները քարկոծել են շայթանը (սատանա) խորհրդանշող երեք հիմնասյուները: Քաղաքը հաջի ժամանակ բաժանված է եղել հատվածների: Ողբերգությունը տեղի է ունեցել այն տարածքում, որտեղ տեղակայվել են Պարսից ծոցի երկրներից հավատացյալներ:
Նշենք, որ Ռամի ալ-ջամարաթը համարվում է հաջի ամենավտանգավոր ծիսակատարություններից մեկը, քանի որ սահմանափակ տարածքում հավաքվում են մեծ թվով ուխտավորներ, որի արդյունքում հրմշտոց է տեղի ունենում: Բացի այդ, շատ հաճախ նետված քարերն ընկնում են հավատացյալների վրա:
Տաթև Տիգրանյան