ՀՀ կառավարությունն իր ս.թ. հոկտեմբերի 1- ի նիստում հավանություն է տվել մի շարք ծրագրերի, որոնք ՀՀ 2016թ. պետբյուջեի նախագծի կազմում ներկայացվել են Ազգային ժողով:

 


Գործադրի հավանությունն են ստացել առողջապահական, գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը, սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016թ. ծրագիրը, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2016թ. տարեկան ծրագիրը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2016թ. տարեկան ծրագիրը, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2016թ. միջոցառումների ծրագիրը և այլն:

 


Սևանա լճին վերաբերող նախագծով կարգավորվում են Սևանա լճի, որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանման, էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և Սևանա լճի ջրահավաք ավազանի էկոհամակարգերի բնականոն զարգացման, կենսաբազմազանության պահպանության և վերականգնման, կենսապաշարների կայուն օգտագործման հարաբերությունները:
Առողջապահության ոլորտում պետության իրականացնելիք նպատակային ծրագրերն են բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության, առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության պահպանման, սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովումը և այլն:

 


ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում կան մարդկանց ֆիզիկական զարգացման հիմնախնդիրներ, որոնք պայմանավորված են սոցիալ- տնտեսական իրավիճակով, լուրջ խնդիրներ են առաջացել մարզական կառույցների շինարարության, շահագործման և վերանորոգման գործընթացում: Ծրագրում նշված են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հիմնական գերակայությունները, կոնկրետ միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները, իրագործման ուղիներն ու ակնկալվող արդյունքները, ֆինանսավորման աղբյուրն ու չափը:

 


ՀՀ թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծրագրի իրականացումը կնպաստի թմրամոլության հետագա զարգացման նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հարաբերությունների նախականխմանն ու հայտնաբերմանը, թմրամոլության և թմրամիջոցների հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկմանը:

 

Տիգրանուհի Դավթյան