Հետաքրքրական էր հետևել ՌԴ ռազմա-օդային և տիեզերական ուժերի Սիրիայում նախաձեռնած ավիահարվածների վերաբերյալ ռուսաստանյան և արևմտյան պաշտոնատարների ու լրատվամիջոցների մեկնաբանություններին: Թուրքիայի, Արևմուտքի երկրների և Պարսից ծոցի արաբական պետությունների իշխանական շրջանակներն երկու հիմնական մեղադրանք են հնչեցնում Սիրիայի տարածքում ռուսական օդուժի կիրառման կապակցությամբ՝ ասվում է, որ ավիահարվածների արդյունքում տուժում է քաղաքացիական բնակչությունը, ինչպես նաև պնդումներ են արվում, որ ռուսները զբաղված են Բաշար Ասադի քաղաքական հակառակորդների, այլ ոչ թե Իսլամական Պետության գրոհայինների ոչնչացմամբ:

 

Քաղաքացիական բնակչության ռմբահարումների վերաբերյալ մեղադրանքները ռուսական կողմը փորձում է ժխտել ավիահարվածների տեսագրությունները ներկայացնելու միջոցով՝ դրանցում երևում է, որ ոչնչացվում են բնակելի տարածքներից դուրս գտնվող շինությունները և ռազմական նշանակություն ունեցող տարատեսակ թիրախները:

 

Այլ է իրավիճակը երկրորդ՝Բաշար Ասադի արևմտյան կոալիցիայի կողմից աջակցություն ստացող քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու մեղադրանքի մասով: Բանն այն է, որ ոչնչացման ենթակա թիրախների ընտրությունը պետք է որ կատարվի համապատասխան հետախուզական տվյալների հիման վրա: Այդ տվյալների մի մասը՝ կասկածելի շինությունների և այլ օբյեկտների փնտրտուքն ու բացահայտումը հնարավոր է ստանալ տիեզերքից և ինքնաթիռներից կատարված տեսանկարահանումների վերլուծության միջոցով, սակայն դրանց այս կամ այն զինված խմբավորմանը պատկանելու հարցի պատասխանը կարող է տալ միայն ցամաքային հետախուզությունն, այդ թվում նաև տեղերում աշխատանք տանող գործակալական ցանցի միջոցով:

 

Քիչ հավանական է, որ ռուսական հետախուզությունն այսօր նման սեփական ցանցն ունենա Ասադի հակառակորդների ճամբարում, մինչդեռ Սիրիայի նախագահին հավատարիմ մնացած զինվորականությունը տեղերում հետախուզական գործունեություն ծավալելու հնարավորությունը պահպանել է և, դատելով ամեն ինչից, հենց ինքն է ռուսական կողմի հրամանատարության գործողություններն ուղղորդող այս կարգի տեղեկությունները տրամադրում: Նման իրավիճակը միանգամայն հնարավոր է դարձնում այն, որ նախագահ Ասադը կարող է փորձել Իսլամական Պետության դեմ պայքարի ծխածածկույթի տակ ռուսների ձեռքով առաջին հերթին վնասազերծել արևմտյան կոալիցիայի աջակցությունը վայելող անձամբ իր քաղաքական հակառակորդներին: Այս առումով ռուսական կողմը պետք սիրիական հետախուզության կողմից տրամադրվող տեղեկատվությունը ստուգելու լուրջ մեխանիզմներ մշակի ու կիրառի:

 

 

Արման Մելիքյան