Կառավարությունն իր ս.թ. հոկտեմբերի 1- ի նիստում հավանություն է տվել սոցիալական կարևորություն ունեցող երեք ծրագրի' զբաղվածության կարգավորման, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016թ. պետական ծրագրերին և երեխայի իրավունքների պաշտպանության 2016թ. տարեկան ծրագրին:
Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մշակման և իրականացման օրենսդրական հիմքը ՀՀ զբաղվածության 2013- 2018թթ. ռազմավարությունն է և «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը, որով կյանքի է կոչվել զբաղվածության քաղաքականության նոր մոդելը, ինչը հնարավորություն է տալիս ոլորտում իրականացնել ճկուն, արդյունավետ և իրավիճակից բխող' մարտահրավերներին արագ արձագանքող քաղաքականություն: Ամենամյա ծրագրի նպատակը բնակչության կայուն և արդյունավետ զբաղվածության ապահովման պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխատաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայի անմրցունակ անձանց կայուն զբաղվածությունը և ինքնազբաղվածությունը խթանելուն, աշխատանք փնտրողների, հատկապես' հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մակարդակը բարձրացնելուն և այլն:
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությունն իրականացվում է 2016թ. տարեկան ծրագրով, որն ըստ էության 2015- ին կատարված աշխատանքի շարունակությունն է: Նախ, ոլորտը կանոնակարգող ազգային օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ- ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին, մասնավորապես' հաշմանդամության սահմանման և բժշկասոցիալական փորձաքննության անցկացման նոր մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ: Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ու պաշտպանությանն ուղղված 2016թ. նախատեսված միջոցառումներն իրականացվելու են տասնմեկ հիմնական ուղղություններով:
Երեխայի իրավունքների պաշտպանության 2016թ. տարեկան ծրագրի նպատակն է' սոցիալական պաշտպանության ոլորտում'կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովումը, այլընտրանքային ծառայությունների ցանցի ստեղծումը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավումը, առողջապահության ոլորտում' երեխաների բժշկական օգնության որակյալ և մատչելի ծառայությունների ապահովումը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը, կրթության ոլորտում' միջազգային ասպարեզում համակարգի մրցունակության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ հիմնական կրթության ապահովումը, մշակույթի ոլորտում' երեխայի գեղագիտական և ստեղծագործական կարողությունների զարգացումը, գեղագիտական դաստիարակությունը, անչափահասների արդարադատության ոլորտում' իրավախախտում կատարած անչափահասների վերականգնողական կենտրոնների ցանցի ընդլայնումը, անչափահաս դատապարտյալների աշխատանքի ապահովումը:
Հավանության արժանացած այս երեք ծրագրերը ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի կազմում սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ Ազգային ժողով:
Կարեն Մկոյան