Դեռևս 2009թ. ՀՀ կառավարությունն ստանձնել է տեսչական բարեփոխման իրականացումը, որի նպատակն է ստեղծել տեսչական նոր համակարգ: Բարեփոխման ներկա փուլում 2014թ. դեկտեմբերին ընդունվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել է տեսչական մարմինների ստեղծման և գործունեության կարգը: Օրենքի համաձայն տեսչական մարմինների գործունեության հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում նաև տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների կազմակերպման և գործունեության կարգը, պետք է կարգավորվեն կառավարության համապատասխան որոշումներով, ինչը և արել է գործադիրն իր ս.թ. հոկտեմբերի 1- ի նիստում:
Տեսչական մարմինների որակի ապահովման գործունեությունն ուղղված է դրանց մշտական կատարելագործմանը: Այդ նպատակին հասնելու համար ստորաբաժանումը պետք է իրականացնի գործառույթներ, որոնք ընդհանուր առմամբ իրենց բնույթով ներքին աուդիտի գործառույթներ են, սակայն ունեն որոշ առանձնահատկություններ, որոնք սահմանվել են վերը նշված օրենքով: Ընդունված որոշմամբ կարգավորվել են այդ առանձնահատկությունները, ինչպես նաև հղում է կատարված «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերի վրա, որոնցով ղեկավարվելով պետք է իրենց գործունեությունը կազմակերպեն տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումները: Յուրաքանչյուր ստորաբաժանում առնվազն երեք հաստիքային միավորից կազմված կառուցվածքային օղակ է, որի պաշտոնները քաղաքացիական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ են:
Դրանք զբաղեցնող մասնագետները պետք է ունենան տվյալ մարմնի վերահսկողության ոլորտի կամ տնտեսագետի կամ իրավաբանի բարձրագույն կրթություն: Ստորաբաժանման ղեկավարը հաշվետու է տեսչական մարմնի կառավարման խորհրդին: Փաստաթղթով սահմանված են որակի ստորաբաժանման գործունեության բոլոր ուղղությունները:
Որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակը, Համաշխարհային բանկի խումբը:
Նարեկ Սարգսյան