Լրատվամիջոցներում հետաքննության կամ նախաքննության մարմնի կողմից կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնելու, վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ այն պահելու և հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես վերադարձնելու օրենքով սահմանված կարգը ակտիվ քննարկումների թեմա է դարձել:
Մտահոգություն է հայտնվել, որ անձնագիրը վերցնելու դեպքում կսահմանափակվեն որոշ իրավունքներ (օրինակ, բանկային գործարքներ կատարելը), նշված առումով մտահոգությունը անհիմն է, քանի որ ՀՀ օրենսդրությամբ տրված են համապատասխան լուծումներ:
Մասնավորապես՝
2012 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց նույնականացման քարտերի և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգ, որի նպատակներից մեկը հանդիսանում է նաև այն, որ Հանրապետությունից դուրս գալու սահմանափակում կիրառված լինելու դեպքում անձը հավաստող փաստաթուղթ ունենալու իրավունքն ապահովելու նպատակով քաղաքացուն տրամադրվի նույնականացման քարտ: «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքով կասկածյալի կամ մեղադրյալի նույնականացման քարտը վերցնելու վերաբերյալ դրույթ նախատեսված չէ:
Այսինքն, այն համարվելով ՀՀ քաղաքացու ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, նախատեսված է միայն ՀՀ տարածքում օգտագործելու համար, լիարժեք ստեղծում է բոլոր հնարավարությունները ՀՀ տարածքում ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքները իրացնելու համար այն դեպքերում, երբ պահանջվում է անձը հավաստող փաստաթուղթ:
Աշոտ Ահարոնյան