Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Սեպտեմբերի 29-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում տեղի ունեցավ քաղաքի կենտրոնում գտնվող «Ստարե Միաստո» թաղամասի Դոմինիկյան եկեղեցու հարևանությամբ և Կլեմենս Յանիցկու փողոցի վրա գտնվող «Հայկական» հրապարակի բացման արարողությունը:

 

Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրոցլավի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Դոմինիկյան եկեղեցու հոգևորականներ, Վրոցլավի և Լեհաստանի տարբեր քաղաքների հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքի բազմաթիվ բնակիչներ:

 

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան դեսպան Ղազարյանը, Վրոցլավում գործող Լեհաստանի Հայերի ընկերության նախագահ Ադամ Դոմանասևիչը, Դոմինիկյան եկեղեցու հոգևորական Մարեկ Միլավիցկին:

 

Իր ելույթում դեսպան Ղազարյանը նշեց, որ Լեհաստանի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Վրոցլավի կենտրոնական հրապարակներից մեկը «Հայկական» անվանակոչելը պետք է համարել պատմական իրադարձություն Լեհաստանի հայ համայնքի կյանքում: Դեսպանը հատկապես կարևորեց այդ պատմական որոշման ընդունումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, որը հայ ժողովրդի համար ունի չափազանց կարևոր նշանակություն: Հատկանշական է, որ այդ հրապարակում 2012թ. սեպտեմբերի 21-ին պաշտոնապես բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հայկական խաչքարը:

 

Դեսպանի խոսքով' հարյուրամյակներ շարունակ Լեհաստանում ապրող հայերն իրենց նվիրումով, Լեհաստանի հանդեպ ունեցած անմնացորդ սիրով և հավատարմությամբ իրապես վաստակել են Լեհաստանի տարբեր քաղաքներում «Հայկական» անվանմամբ փողոցներ և հրապարակներ ունենալու իրավունքը, որոնցից մեկն էլ Վրոցլավի հրապարակն է: Այդ կապակցությամբ Էդգար Ղազարյանը, շնորհավորելով Լեհաստանի հայ համայնքին պատմական իրադարձության առթիվ, շնորհակալություն հայտնեց Վրոցլավի քաղաքային իշխանություններին' դեռևս 2015թ. հուլիսի 9-ի կայացրած որոշման (հրապարակին «Հայկական» անվանումը տալու վերաբերյալ) համար՝ համարելով դա հրաշալի մի քայլ հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման ճանապարհին:

 

Հայկական խաչքարի առջև դեսպան Ղազարյանի, Վրոցլավում գործող Լեհաստանի Հայերի ընկերության փոխնախագահ Արարատ Քոչարյանի և արարողության մյուս մասնակիցների կողմից ծաղկեպսակի տեղադրման արարողությունից հետո Լեհաստանի Հայերի ընկերության նախագահ Ադամ Դոմանասևիչը հայկական կազմակերպության հուշամեդալներով պարգևատրեց Վրոցլավի քաղաքային խորհրդին և Դոմինիկյան եկեղեցու հոգևորականներին՝ «Հայկական» հրապարակի անվանակոչման և այդ հրապարակում գտնվող հայկական հուշարձանի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:

 

Միջոցառումը եզրափակվեց Վրոցլավում բնակվող հայ երեխաների' հայկական երաժշտության և բանաստեղծություններից կազմված գեղարվեստական կատարումներով»: