Արման Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Զառա Արամյան,

 

 

երեկ կարդացի Ձեր գրառում-խնդրանքը սահմանային գյուղերի հարցով մտահոգված բոլոր սահմանային գյուղերի բնակիչներին, ով գրանցված էր այդ գյուղերում, բայց այժմ բնակվում է Երևանում, Էրեբունի-Երևան տոնակատարության բյուջեի հաշվին վերադարձնել իրենց հայրենի բնակավայրերը՝ տեղում իրենց մտահոգությունն ապացուցելու համար, և
սահմանային գյուղերում չգրանցված, բայց սահմանային գյուղերի ճակատագրով՝ Էրեբունի-Երևան տոնակատարությանն ընդառաջ միշտ մտահոգվողներին, նույնպես տոնակատարության բյուջեի հաշվին վերաբնակեցնել սահմանային գյուղերում՝ իրենց ապահովելով համապատասխան կացարանով և շարժական գույքով:

 

 

Երևի թե Ձեզ ոչինչ էլ չէի գրի, եթե չիմանայի, թե սահմանամերձ գյուղերում բնակվող կամ ինչ-ինչ պատճառներով այս պահին սահմանամերձ գյուղերում չբնակվող մարդկանց ինչպես եք վիրավորել Ձեր գրառմամբ:

Մի քանի հարց ունեմ Ձեզ.

 

 

Քանի՞ անգամ եք եղել սահմանամերձ գյուղերում, քանի՞ օր եք լուսացրել գնդակոծության տակ, համեմատաբար ապահով, բայց շատ անհարմար թաքստոցում:

Քանի՞ անգամ եք գիշերն արթնացել շակալների ոռնոցից ու շների հաչոցից և ուրախացել, որ արթնացել եք շակալների ոռնոցից ու շների հաչոցից, այլ ոչ թե հերթական գնդակոծության ձայներից:

 

 

Գիտե՞ք՝ գնդակոծությունների ժամանակ Երևանում սովորող քանի ուսանող է, այդ թվում և աղջիկներ, դասերը թողած վերադառնում հարազատ գյուղ' իր ծնողների կողքին լինելու՝ ապահով Երևանում մնալու փոխարեն:

Գիտե՞ք՝ այնտեղ քանի ծնող է իր երեխային մանկապարտեզ ու դպրոց տանում կամ ուղարկում թշնամու դիրքի դիմաց:

 

 

Գիտե՞ք՝ սահմանամերձ գյուղերի մանկապարտեզների, դպրոցների պատերին քանի ականի բեկորի կամ փամփուշտի տեղ կա, ու քանիսն են ավելանում ամեն օր:

Գիտե՞ք, որ թշնամու կրակի պատճառով այրվող տունը գյուղացիները թշնամու կրակի տակ դույլերով ջրերով են մարում, որովհետև հրշեջ մեքենա չի կարող մոտենալ:

 

 

Գիտե՞ք, որ մարդիկ լքում են գյուղերը ոչ թե թշնամու կրակոցների, այլ աշխատանք չլինելու պատճառով, որ պատրաստ են մնալ ու աշխատել թշնամու կրակոցների տակ, միայն աշխատատեղ լինի:

Գիտե՞ք՝ թշնամու կրակոցների պատճառով մարդկանց համար ինչ դժվար է ցանած ցորենի արտը հնձել, ինչ դժվար է կրակոցերի տակով այդ ցորենը կամ քաղած խաղողն այլ տեղ տանել վաճառելու:

 

 

Ես Ձեր նման ապրում եմ Երևանում, բայց արդեն քանի տարի պարբերաբար լինում եմ սահմանամերձ գյուղերում: Լինում եմ կրակոցներից առաջ, կրակոցներից հետո և կրակոցների ժամանակ: Լինում եմ այնտեղ մարդկանց ինչ-որ չնչին բանով օգնելու հույսով, թշնամու կրակոցներն «իրենց հետ կիսելու համար»:
Այո, ես ապրում եմ Երևանում, բայց ես մշեցի եմ ու սիրով կվերադառնամ իմ Մուշը' առանց Էրեբունի-Երևան կամ այլ տոնակատարության գումար դրա համար հատկացնելու առաջին իսկ հնարավորության դեպքում: Չգիտեմ՝ Դուք երևանցի՞ եք, Երևանո՞ւմ եք ծնվել ու մեծացել, որ ուրիշներին ուզում եք ուղարկել հարազատ գյուղեր:

 

 

Կեզրափակեմ մի փոքրիկ պատմությամբ. մոտ մեկ ամիս առաջ, երբ թշնամին կրկին ակտիվ գնդակոծում էր մեր սահմանամերձ գյուղերը, և ես դեռ չէի կարողացել գնալ ու իրենց կողքին լինել, սահմանամերձ գյուղերից մեկում ապրող աղջիկներից մեկին գրեցի. «Կներեք, որ հիմա ձեր կողքին չեմ, որ դուք քնելու եք գնդակոծության տակ, իսկ ես' ապահով Երևանում»:

 

 

Գիտե՞ք՝ ինքն ինչ պատասխանեց: Ասաց. «Ես ինձ ավելի անհանգիստ կզգայի, եթե հիմա դու գնդակոծության տակ լինեիր, դա կնշանակեր, որ գնդակոծությունները հասել են Երևան»...

 

 

Մնաք բարյավ և խաղաղությամբ, Զառա Արամյան, Ձեր ապահով Երևանում, որտեղ թշնամու գնդակոծությունները չեն հասնում և չեն լսվում, իսկ ես իմ ապահով Երևանը կտանեմ սահման, իմ Երևանում թշնամու գնդակոծությունները պետք է լսվեն, իմ Երևանը թշնամու գնդակոծությունների ժամանակ պետք է սահմանամերձ գյուղերի կողքին լինի: