Համաձայն ՀՀ կառավարության ս.թ. հոկտեմբերի 1-ի նիստի օրակարգի, ՀՀ բնապահպանության նախարարությունը գործադրի քննարկմանն է ներկայացնելու «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու' Ծովագյուղ համայնքի վարչական սահմանում գտնվող տարածքից 9 հա հողամասն առանձնացնելու և 8- րդ հանրային լողափը կազմակերպելու հարցը:

 


Որոշման նախագծի մշակման հիմք են հանդիսացել «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալությանը, կառուցապատման իրավունքի տրամադրմանը, քաղաքաշինական գործունեության իրականացմանը և այլ խնդիրների լուծմանն ուղղված մի շարք որոշումները, ինչպես նաևՀՀ վարչապետի մոտ կայացած նախարարության գործունեության հաշվետվության ժամանակ տրված հանձնարարությունների:
Որոշման ընդունումը քաղաքացիներին հնարավորություն կտա «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում իրենց հանգիստը կազմակերպել առանց լրացուցիչ ծախսի: Հանրային լողափերի ստեղծումը կնպաստի զբոսաշրջության, տուրիզմի, սպորտի զարգացմանը և մարդկանց հանգստի կազմակերպմանը: Իրավական ակտի նախագիծը մշակել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալությունը:

 

Անի Սանոսյան