Դավիթ Տոնոյան. «Պարգեւներ եւ ուսադիրներ կրելու մոլուցքով երբեւէ չեմ տառապել»
«- Պարգեւների ու ուսադիրների «հմայքը» ինձ երբեւէ չի «գերել»: Աշխատում եմ հաճույքով: Ինձ համար շատ կարեւոր է բարձր ինքնագնահատականը: Ըստ այդմ, լավագույն պարգեւն ինձ համար իրականություն դարձած մտահղացումն է, չտրորված ճանապարհով նշանակետին հասնելը:
Ինչ վերաբերվում է գեներալական ուսադիրներին, ապա ասեմ, որ ելնելով բարեփոխումների եւ ՊՆ-ի քաղաքացիականացման տրամաբանությունից, պետք էր նաեւ անձնական օրինակով ցույց տալ, որ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելով էլ կարող ես հանգիստ առնչվել զինվորական անձնակազմի հետ' իրականացնելով կառավարման գործառույթներ:
Բացի դրանից, մենք հաճախ մոռանում ենք, որ մեր Զինված ուժերում ղեկավար քաղաքացիական անձանց ավանդույթը ունենք բավականին երկար ժամանակ' Հայաստանի ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ պաշտպանության նախարարները կադրային զինվորականներ կամ գեներալներ չեն եղել: Զինվորական կրթություն չի ունեցել նաեւ փոխնախարարների գերակշիռ մասը:
Ամփոփելով գեներալական ուսադիրների թեման, ասեմ, որ Խորհրդային բանակում ծառայելու ժամանակ դասակի հրամանատար եմ եղել ու դրանից հետո զինծառայության ընթացքում ղեկավարել եւ համադրել եմ օպերատիվ ծառայություն եւ շտաբային բնույթի աշխատանքներ: Այդ պարագայում գեներալի ուսադիրներ ակնկալելու իրավունք' առանց առնվազն զորամիավորումներ ղեկավարելու փորձի, ես ինձ բարոյապես չեմ վերապահել»: