Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրականացնում է «Հայկական ֆուտբոլի ռազմավարական զարգացման ծրագիրը», որի շրջանակում էլ ժամանակին կառուցվել է Երևանի ֆուտբոլի ակադեմիան, որը Հայաստանի ազգային հավաքականի, Հայաստանի տարիքային ազգային հավաքական թիմերի, ակումբային ֆուտբոլի, մանկապատանեկան ֆուտբոլի համար ստեղծել է զարգացման լուրջ նախադրյալներ:
Այժմ էլ ահա եկել է Գյումրու հերթը:
ՀՀ կառավարությունն իր ս.թ. սեպտեմբերի 25- ի նիստում ընդունել է երկրի երկրորդ քաղաքում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու վերաբերյալ երկու որոշում: Առաջին որոշմամբ գործադիրև համաձայնություն է տվել Գյումրի քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող «Մուշ- 2» թաղամասի հմ. 10/5 հասցեի 8 հեկտար մակերեսով հողամասը «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը նվիրաբերելուն' ֆուտբոլի տարածման և զարգացման համար մարզահամալիր կառուցելու նպատակով:
Հաջորդ որոշմամբ ՀՀ կառավարությունն հավանություն է տվել «Գյումրու ֆուտբոլի ակադեմիա» ներդրումային ծրագրին, որը համատեղ իրականացնելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և երկու միջազգային կազմակերպություններ' ֆուտբոլի համաշխարհային միությունը' ՖԻՖԱ- ն և ֆուտբոլի եվրոպական միությունը' ՈՒԵՖԱ- ն:
Գյումրու ֆուտբոլի ակադեմիան զբաղեցնելու է 8 հեկտար հողատարածք: Ներդրումային ծրագիր ներառված նախագծի համաձայի ակադեմիայի գլխավոր մասնաշենքը բաղկացած է լինելու 1200 քմ մակերեսով եռահարկ մասնաշենքից, որտեղ կտեղադրվեն ժամանակակից ֆուտբոլն սպասարկող ենթակառուցվածքներ' կահավորված մարզչական սենյակներ, հանդերձարաններ, սանհանգույցներ, դասասենյակ, լսարան, բժշկի սենյակ, վարչական մաս և այլն:
Ծրագրով նախատեսված է բնական խոտածածկով 6 խաղադաշտ, որոնք համապատասխանում են ՖԻՖԱ- ի և ՈՒԵՖԱ- ի սահմանած պրոֆեսիոնալ ֆուտբոլի չափորոշիչներին: Խոտադաշտերը որպես ենթակառուցվածք ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական միջոցներով ապահովելու համար օժտված կլինեն ոռոգման ավտոմատացված համակարգերով և այդ համակարգերն սպասարկող ջրամբարով:
Համալիրի ենթակառուցվածքում է նաև արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտը: Այն լիովին համապատասխանելու է ժամանակակից սերնդի արհեստական խոտածածկով խաղադաշտերի չափորոշիչներին, որոնք հատկապես մանկապատանեկան ֆուտբոլում ներգրավված երեխաների համար ապահովում են առողջությանը չվնասող մարզումային պայմաններ:
Ակադեմիան ունենալու է կաթսայատուն, տարածքը բարեկարգվելու և պարսպապատվելու է:
Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում մարզվելու հնարավորություն կունենան մինչև 1000 պատանի ու աղջիկ: Տեղի մասնագետների համար ակադեմիայում կկազմակերպվեն մարզչական դասընթացներ: Վերապատրաստված և համապատասխան արտոնագիր ստացած մարզիչներն իրավունք կստանան աշխատելու հայկական ֆուտբոլում:
Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում մշտական աշխատանք կունենա շուրջ 50 մասնագետ:
Կարեն Մկոյան