Կրթական 25.09.2015թ. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով 2006 թվականին հաստատվել էր բուհերում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը:
Բանն այն է, որ բուհերի առաջին կուրս ընդունված ուսանողները սոցիալական ծանրաբեռնվածության տեսանկյունից ամենախոցելի խումբն են: Նրանք հնարավորություն չունեն օգտվելու բուհերի կողմից իրականացվող ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից, ինչպես նաև մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը չեն մասնակցում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման հանար անցկացվող փոխատեղման մրցույթին:
Գործադրի այսօրվա որոշմամբ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող առաջին կուրսի ուսանողներին ըստ սահմանված չափերի համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում կտրամադրվի պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում:
Որոշման արդյունքում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված առաջին կուրսի լրացուցիչ մոտ 300 ուսանողի կտրամադրվի պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում:
Նարեկ Սարգսյան