Վերջին ամսվա ընթացքում միջազգային լրատվական և դիվանագիտական դաշտի ամենաքննարկվող թեմաներից մեկը Սիրիայում ռուս զինծառայողների և ռուսական սպառազինության նոր խմբաքանակի տեղակայման վերաբերյալ տեղեկատվական հոսքերն են: Շրջանցելով երևույթի հոգեբանական, քարոզչական և քաղաքական կողմերը (դա առանձին վերլուծության թեմա է)՝ ներկայացնենք որոշ քանակական տվյալներ՝ հիմք ընդունելով AllSource Analysis հետախուզական գործակալության կողմից ստացված արբանյակային լուսանկարները:
Ըստ այդմ՝ Սիրիայի արևմտյան ծովափնյա Լաթակիա նահանգի համանուն վարչական կենտրոնի մերձակայքում գտնվող Բասիլ Ասադ օդային ռազմաբազայում տեղակայվել են 20 ռուսական մարտական ինքնաթիռներ՝ 12 Су-25 Frogfoot և 4 Су-30 տեսակի և այլն: Բացի այդ, ամերիկյան հետախուզական ծառայությունների կողմից նշվում է նաև Ми-24/35, Ми-17 ռազմական ուղղաթիռների, ինչպես նաև՝ անհայտ թվաքանակով անօդաչու թռչող սարքերի և լոգիստիկ ռազմատեխնիկայի մասին:
Բացի սպառազինությունից, առկա է տեղեկատվություն նաև Սիրիայում ռուս զինծառայողների և ռազմական ոլորտի մասնագետների շարքերի համլրման մասին. ըստ այդմ, վերջին շրջանում Սիրիա է տեղափոխվել շուրջ 2500 ռուսական էլիտար ստորաբաժանումների զինծառայողներ:
Ինչևէ, պետք է նշել, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայացվածության աճն առավելապես մանևրային նշանակություն ունի՝ իր խորքում ունենալով քաղաքական հարթությունում նոր զարգացումներ խթանելու միտում, քան իրական գործընթացային՝ ներգրավվելու սիրիական ռազմական գործողությունների ճահճում. իրականում անգամ սպառազինության և մարդկային ներուժի վերաբերյալ վերոնշյալ՝ հաճախ ուռճացված տվյալներն ի զորու չեն գետնի վրա իրավիճակ փոխելու սիրիական ռազմադաշտում:
Արմեն Պետրոսյան