Մոսկվայում մուսուլմանական Կուրբան Բայրամ տոնին ընդառաջ հանդիսավոր պայմաններում այսօր բացվեց Եվրոպայի ամենամեծ տաճար-մզկիթը: Ռուսաստանի նախագահի հետ այդ արարողությանն էին մասնակցում եւ ելույթ ունեցան Պաղեստինի ու Թուրքիայի նախագահները: Այդ ամենը հեռարձակվում էր ուղիղ եթերով: Ակնհայտ էր, որ ամեն ինչ արվում էր հատուկ ընդգծված շքեղ հանդիսավորությամբ ու ջերմ «բարեկամական» մթնոլորտում:

 


Մեր կարծիքով, արդեն հստակ ուրվագծվում է, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպիսի ստանձնի արաբական եւ թյուրքական աշխարհի հովանավորի, «փրկչի» դերը' դա պարզ էր նաեւ Պուտինի ելույթի շեշտադրումներից: Հավանական է, որ ըստ Ռուսաստանի նորահայտ դոկտրինայի այդ ճանապարհի առաջին արարը թերեւս պետք է լինի Սիրիայի վարչակազմի «վերակենդանացումը», որն էլ արդեն ինչ որ կերպ փորձում է անել Պուտինը: Զուգահեռաբար Ռուսաստանը ամեն ինչ կանի «բարեկամ» Թուրքիայի տարածքային ամբողջականության «պահպանման» համար, կրկին ինչպես 1920-ականներին էր դա ջանասիրաբար անում' ուղղակի «եղբայր» Թուրքիայի «թշնամիների» դերում հայերի ու հույների փոխարեն այս անգամ կլինեն արդեն «էքստրեմիստ» քրդերը:

 


Հաջորդ կարեւոր գործոնը վերոնշված քաղաքականության տրամաբանության շրջանակներում Ռուսաստանի համար պետք է լինի Ադրբեջանի պարտադիր «ԵՏՄացումը», բայց այդ քայլի համար Ռուսաստանին անհրաժեշտ է ինչ որ ձեւով «հագեցնել» Ալիեւի անհագ ախորժակը: Կարծում եմ, բոլորիս համար էլ պարզից էլ պարզ է, թե ինչի մասին է խոսքը գնում եւ ում հաշվին է դա Ռուսաստանը ըստ իր գաղափարի «նախատեսում» անել (ի դեպ այս հարցում Ռուսաստանը իրոք բացարձակ չի պատկերացնում խնդրի իրական պատկերը):

 


Ինչեւէ, այս ամենը փաստում է, որ տարածաշրջանում ընթանում են արագացված վերադասավորումներ եւ փոփոխություններ, բոլոր երկրներն իրենց պահանջներն են առաջ քաշում, իրենց շահերը պաշտպանում, այսինքն' սկսված է արդեն մի մեծ դիվանագիտական Խաղ: Այստեղ բնական հարցեր են առաջանում. իսկ ու՞ր է մեր երկիրը, որո՞նք են լինելու մեր շահերը, ինչո՞վ է զբաղված մեր արտաքին գործերի գերատեսչությունը: Հարցեր, որոնց ավաղ դեռեւս չկան հստակ պատասխաններ:

 

 

Ռուբեն Շուխյան