Ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացներում, մարդկությանը հուզող կարևորագույն խնդիրներից մեկը բարոյական նորմերի համատեղելիությունն է մարդու իրավունքների և ազատությունների սկզբունքների հետ:
Մարդու իրավունքները հանդիսանում են ժամանակակից աշխարհակարգի հիմքը, որոնք ըստ էության թելադրված են արևմտյան երկրների կողմից, իսկ արևմուտքը նախևառաջ քրիստոնեական քաղաքակրթության կրողն է:
Անդրադառնալով մարդու իրավունքների խնդիրներին, պետք է նշել, որ վերջին շրջանում ի հայտ են եկել քաղաքակրթական նոր մոտեցումներ, որոնք կասկածի տակ են դնում մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգը (մասնավորապես 1948-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը) և առաջարկում են մարդու իրավունքների այլ հայեցակարգեր:

 


Այդպիսի մի հայեցակարգ է իսլամական աշխարհում առաջ քաշված' մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ սեփական հայեցակարգը: Այն ամրագրվել է դեռևս 1990թ. օգոստոսի 5-ին' Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, Իսլամական Կոնֆերանս Կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդունված «Մարդու իրավունքների Կահիրեի հռչակագրում»:
Կահիրեի հռչակագրում նշված է, որ բոլոր մարդիկ հավասար են մարդկային արժանապատվության և պատասխանատվությունների առումով և չպետք է ռասայական, սեռական, կրոնական, քաղաքական, սոցիալական, լեզվական կամ որևէ այլ խտրականության ենթարկվեն: Բոլոր մարդիկ Աստծո ծառաներն են, և ոչ մեկը մյուսի նկատմամբ գերակայություն չպետք է ունենա:

 


Նշենք, որ Իսլամում մարդու իրավունքների հայեցակարգը հիմնվում է այն համոզմունքի վրա, որ միակ և ամենակարող Աստված է հանդիսանում օրենքի հեղինակը և մարդու բոլոր իրավունքների աղբյուրը: Հետևաբար, այդ իրավունքները չեն կարող սահմանափակվել սովորական մարդկանց, որևէ կազմակերպության կամ կառավարության կողմից:
Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ չնայած Մարդու իրավունքների Կահիրեի հռչակագրի առկայությանը' իսլամական պետություններում այսօր հաճախ են անտեսվում մարդու իրավունքների մի շարք դրույթներ: Մարդու իրավունքները խախտվում են անգամ իսլամական սկզբունքների հիման վրա խարսխված երկրներում, որոնցից է Սաուդյան Արաբիան, մի երկիր, որը հրաժարվել է 1948 թվականին միանալ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին:

 

Տաթև Տիգրանյան