Գաղտնիք չէ, որ օրերս ՌԴ էներգետիկայի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները Հայաստանին մատակարարվող բնական գազի գնագոյացման կարգի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն են ստորագրել, ըստ որի ՀՀ-ին մատակարարվող գազի բազային գինը 189 դոլարից իջեցվում է 165-ի՝ 1000 խ/մ-ի դիմաց:
Ինչպես գիտենք գազի բազային արժեքի նվազումը չի հանգեցնի վերջնական սպառողին մատակարարվող գազի սակագնի նվազեցմանը, որն էլ շարքային քաղաքացու մոտ բազում հարցեր է առաջացնում: Վերը նշվածի հիմնական պատճառն այն է, որ գազի օպտիմալացված գինն առաջին հերթին թույլ կտա փոխհատուցել այն ֆինանսական կորուստները, որոնք «Գազպրոմ Արմենիան» կրում է Հայաստանի շուկայում արտարժույթի տատանումների պատճառով։ Բնական գազի ներկայում գործող սակագնի հաշվարկի հիմքում ընդունված է 416.56 դրամ/դոլար փոխարժեքը:
Եթե հաշվի առնենք այն, որ գազատրանսպորտային համակարգը ունի արդիականացման կարիք և ընկերությունը լուրջ ներդրումային ծրագրեր է իրականացրել գազային ոլորտում, ապա կարող ենք փաստել, որ բոլոր այդ ծախսերը պետք է ազդեին սակագնի վրա։ Գնի այդ մակարդակը ընկերությանը թույլ կտա այդ թվում իրականացնել ներդրումներ ոլորտի արդիականացման համար: Այլ կերպ ասած՝ ընկերությունը ստիպված էր լինելու դիմել ՀԾԿՀ-ին սակագնի վերանայման համար, եթե սահմանին գազի գինը չնվազեր միչեւ 165 դոլար։
Ստացվում է, որ գազի գնի իջեցումը թույլ կտա կանխել Հայաստանի տնտեսության վրա այն շղթայական բնույթի բացասական ազդեցությունը, որը անխուսափելի կլիներ սակագնի բարձրացման դեպքում: Իսկ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ջեռուցման համար հիմնականում գազ է օգտագործվում, ապա ցանկացած փոքր սակագնային տատանում լուրջ սոցիալական հետևանքներ կունենար: Այն պարագայում, երբ դեռ ամբողջովին չի «մարսվել» էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, գազի թանկացումը հասարակության դժգոհությունների նոր ալիք կբարձրացներ, որի հետևանքները արդեն կարող էին անկախատեսելի լինել:
Նարեկ Սարգսյան