Նիկիտա Սիմոնյան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին հայ մասնակիցը... Սովետական ֆուտբոլի ամենավառ հարձակվողներից մեկը՝ Նիկիտա Սիմոնյանը (նկարում հարվածում է գնդակին) 1958 թ. Շվեդիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում խաղացել է Խորհրդային Միության հավաքականի կազմում: ԽՍՀՄ հավաքականն իր առաջին խաղն անցկացրեց հունիսի 8-ին՝ Անգլիայի հավաքականի դեմ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2:

 

Այս խաղում Սիմոնյանը գոլ խփեց, այսպիսով դառնալով նաեւ հայ ֆուտբոլիստի կողմից աշխարհի առաջնություններում խփած առաջին գոլի հեղինակը:


Նիկիտա (Մկրտիչ) Սիմոնյանը ծնվել է 1926 թ. Հյուսիսային Կովկասի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում՝ Պողոս եւ Վարսենիկ Սիմոնյանների ընտանիքում: Սկսել է ֆուտբոլ խաղալ Բաթումի «Դինամո» թիմում: Երկար տարիներ եղել է Մոսկվայի «Սպարտակի» առաջատար խաղացողը, իսկ 1956 թ. նա ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն: Սիմոնյանը մեծ հաջողությունների է հասել նաեւ մարզչական ասպարեզում: 1973 թ. Երեւանի «Արարատը» նրա ղեկավարությամբ դարձավ ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր:

 

Ռուբեն Շուխյան