Օտար մարմիններով շնչուղիների խցանումը շատ հաճախ է պատահում փոքր երեխաների մոտ: Երեխան հաճախ բերանն է տանում փոքր առարկաներ, օրինակ' կոճակներ, հուլունքներ, խաղալիքի մանր մասեր և այլն, որոնք էլ հենց դառնում են շնչուղիների խցանման պատճառ: Շնչուղիների խցանում կարող է առաջանալ նաև այն ժամանակ, երբ երեխային կերակրում ու դեղ են խմեցնում ստիպողաբար կամ լաց լինելու պահերին, ինչպես նաև երեխայի' վազվզելով, խաղալով կամ շտապելով ուտելու պատճառով:
Շնչուղիների խցանումը վտանգավոր վիճակ է, քանի որ այդ ժամանակ խանգարվում է օդի մուտքը թոքեր: Եթե ժամանակին և ճիշտ օգնություն չցուցաբերվի, երեխան կարող է շնչահեղձ լինել և մահանալ:

 

Շնչուղիների խցանման կանխարգելումը
Երեխաների մոտ շնչուղիների խցանումները հիմնականում ծնողների (մեծահասակների) անզգուշության և անուշադրության հետևանք են:
Հետևելով մի շարք պարզ կանոնների' կարելի է կանխել այդ դեպքերի գերակշռող մեծամասնությունը:
- Երեխային ստիպողաբար կամ լացի ժամանակ ոչինչ մի տվեք ուտելու կամ խմելու, նույնիսկ՝ դեղ: Աշխատեք նրան բացատրել դեղ խմելու անհրաժեշտությունը: Եթե երեխան, այնուամենայնիվ, հրաժարվում է դեղ խմել, ավելի լավ է' դիմեք նրա բուժող բժշկին:
- Սովորեցրեք երեխային ուտել' առանց շտապելու, սեղանի շուրջը նստած, լավ ծամելով կերակուրը:
- Թույլ մի տվեք երեխային որևէ բան ուտել խաղալիս, վազվզելիս: Առավել ևս դուք մի կերակրեք նրան խաղի ժամանակ:
- 3-4 տարեկանից փոքր երեխաներին կորիզներով պտուղներ, մրգեր կամ կոնֆետ մի տվեք:
- Նրանց մի տվեք մանր խաղալիքներ, խուսափեք նաև այնպիսի խաղալիքներից, որոնց մանր մասերը հեշտությամբ կարող են պոկվել:
- Թույլ մի տվեք երեխային խաղալ կոճակներով, լոբու հատիկներով կամ նման մանր առարկաներով: Պահեք դրանք երեխային անհասանելի տեղերում:

 

Շնչուղիների խցանում
Ինչի վրա ուշադրություն դարձնել
Երբ միաժամանակ տեղի է ունենում կլում և ներշնչում, օտար մարմինները (սննդի մասնիկներ, փոքր իրեր և այլն) կարող են ներթափանցնել շնչուղիները և առաջացնել խցանում: Շնչառական ուղիները կարող են փակվել լրիվ կամ մասնակի:
Շնչուղիների մասնակի խցանման ժամանակ որոշ քանակով օդ անցնում է շնչուղիներ: Մասնակի խցանման դեպքում երեխան հանկարծակի սկսում է հազալ, անբնական ձայներ հանել, անհանգիստ շարժումներ անել:
Շնչուղիների լրիվ խցանման ժամանակ օդը ընդհանրապես մուտք չի գործում թոքեր, և եթե խցանումը չբացվի, երեխան կարճ ժամանակում կարող է մահանալ: Շնչուղիների լրիվ խցանման ժամանակ երեխան չի կարողանում ո՛չ շնչել, ո՛չ էլ հազալ, ո՛չ էլ որևէ ձայն հանել: Մաշկը կապտում է, աչքերը չռվում են, երեխան անհանգիստ շարժումներ է անում և ցնցվում է:
Շնչուղիների խցանման դեպքում օգնություն ցուցաբերելիս ամենակարևորը խուճապի չմատնվելն է և ճիշտ գործելը:

 

Շնչուղիների մասնակի խցանում
Ինչ անել
Մասնակի խցանման դեպքում երեխան հազում է, ինչն էլ նպաստում է շնչուղիներից օտար մարմնի հեռացմանը: Ահա թե ինչու օգնություն ցուցաբերելիս ձեր հիմնական նպատակը պետք է լինի խրախուսել երեխային, որ նա շարունակի հազալ: Դրա համար անհրաժեշտ է հետևել ստորև ներկայացվող խորհուրդներին.
1. Թեքե՛ք երեխային իրանով մի փոքր առաջ:
2. Ձեռքով թեթևակի հարվածե՛ք երեխայի թիկունքին' թիակների միջև ընկած հատվածին, մինչև օտար մարմինը դուրս գա, և շնչառությունը կարգավորվի:
Նշում, եթե շնչուղիների խցանման պատճառը սննդի մեծ պատառ կուլ տալն է, ապա երեխային ջուր տվեք և առաջարկե՛ք կում-կում խմել:

 

Շնչուղիների լրիվ խցանում

Ինչ անել

1. Անհապաղ ուղարկե՛ք որևէ մեկին շտապ օգնություն ահազանգելու:
2. Կանգնեք երեխայի մեջքի հետևում: Եթե երեխայի հասակը փոքր է, ծնկի իջե՛ք:
3. Ձեռքերով ընդգրկե՛ք երեխայի իրանը, շոշափելով գտե՛ք երեխայի պորտը և կրծոսկրի ստորին ծայրը: Ձեր մի ձեռքի բռունցքը' բութ մատը դեպի ձեզ, տեղադրե՛ք երեխայի փորի վրա' պորտը և կրծոսկրի ստորին ծայրը միացնող գծի մեջտեղում:
4. Մյուս ձեռքը դրեք բռունցքի վրա և դեպի ձեզ ուղղված հրումներ կատարեք: Հրումները կատարեք ոչ շատ ուժեղ, որպեսզի չվնասեք երեխային:
5. Շարունակեք հրումներ կատարել այնքան ժամանակ, մինչև օտար մարմինը դուրս գա, կամ երեխան կորցնի գիտակցությունը:
Եթե երեխան կորցնում է գիտակցությունը, ապա ձեռնարկեք հետևյալ քայլերը.
1. Պառկեցրեք երեխային գետնին:
2. Ձեր մի ձեռքի ափը դրեք երեխայի որովայնին' պորտի և կրծոսկրի ծայրի մեջտեղը: Եթե երեխան բավականին մեծ Է, ապա այդ ձեռքի վրա դրեք նաև Ձեր մյուս ձեռքը:
3. Կատարեք որովայնի 5 հրում: Հրումները պետք Է ուղղված լինեն դեպի երեխայի գլուխը և դեպի ցած: Հրումների ուժը պետք Է համապատասխանի երեխայի չափերին և տարիքին:
4. Որովայնի հրումներից հետո բացեք երեխայի բերանը և փորձեք օտար մարմինը զգուշությամբ հեռացնել բերանից:
5. Փորձեք կատարել ներփչում: Դրա համար Ձեր բերանով ընդգրկեք երեխայի բերանը, փակեք նրա քթանցքերը և օդ ներփչեք:
6. Եթե օդը չի գնում, կրկնեք վերը թվարկված գործողությունները: Այս գործողությունները կրկնեք այնքան, մինչև օտար մարմինը դուրս գա, և երեխան շնչի:

 


Վրեժ Հովսեփյան