Քրդերը հիշեցին, բայց ոչ մեկից ոչինչ չպահանջեցին, իսկ մենք տարին մեկ պիտի հիշենք ու պահանջենք
Ամեն մարդ իր հետաքրքրությունների տիրույթն ունի, ամեն մարդ ինքն է որոշում, թե իր համար այս պահին որ ինֆորմացիան է կարևոր: Ես ինքս առավոտվանից Թուրքիայից ստանում եմ իրադրության հետ կապված տեղեկատվություն, որն իրապես ինձ համար ամենակարևորն է այս պահին, քանի որ ոչ Քարդաշյանի հետույքը, ոչ Ռուսաստանի կողմից սեփական ընկերության համար էժանացված գազը, ոչ հոսանքի թանկացման դեմ պայքարողներին սխալ հանելու իշխանական ճամբարի կողմից ջանքերը, ոչ էլ, կներեք իհարկե, ճ կլասի աստղիկի բդին հայտնված նոր տատուն բացարձակ չի հուզում: Ու, որ անկեղծ լինեմ, անգամ անիմաստ եմ համարում այս հարցերի շուրջ ծավալվելը, քանի որ հասկացել եմ, որ վերևները լավ էլ արժանի են ներքևներին ու՝ հակառակը:
Հիմա ավելի լուրջ: Բան չմնաց, հեսա կրկին ապրիլի 24 է գալու: Այսքան խոսեցինք, քննարկեցինք, բացահայտ հարցեր ուղղեցինք, այսպես կոչված պատկաններին, լավ ձեր Անմոռուկ շոույի արդյունքը ո՞րն էր: Մեր անմոռուկ սիմվոլը ի՞նչ արդյունք տվեց: Դորդ ջհարների պարբրիսների , խանութների ցուցափեղկերի, կուսակցականների դոշերին ճպցնելուց բացի, մենք ինչի՞ հասանք:
Պատկան մարմիններ, դուք կուրսի՞ եք, որ Թուրքիայում քաղաքացիական լուրջ պատերազմ է սկսվել: ՈՒ, ձեր լեքսիկոնով ասած, ղումար են խաղում մեր հողերի վրա: Մեր, ի նկատի ունեմ այն հողերի, որոնցից զրկվել ենք այս պահին հակամարտող երկու կողմերի կողմից ցեղասպանության ենթարկվելով:
Քրդերը լայնածավալ պատերազմ են սկսել; Մայր ու մանուկ պայքարում են սեփական երկիրը ունենալու համար: Ինձ հետաքրքիր է, մենք ի՞նչ շանսեր ունենք այդ հակամարտության մեջ գոնե մի թիզ հող մեզնով անելու: Ոչ, չունենք, չունենք, որովհետև մենք ալարեցինք 100 տարվա մեջ մի պարզ ճշմարտություն յուրացնել: Թշնամուն հաղթելու համար պետք է իդեալական տիրապետես նրա լեզվին, նրա տեղանքին, պատմությանը, տնտեսության տեղաբաշխմանը, նիստ ու կացին, ամեն ինչին: Քանի՞ հոգի է այսօր մաքուր տիրապետում թուրքերենին, քանի՞ հոգի է այսօր տիրապետում տեղանքի քարտեզագրությանը, եթե շանս ունենանք, քանի՞սն են պատրաստ որևէ գործողության:
Միայն Թուրքիայում հանգստացողների վրա արմատուրա շպրտելով ու թուրքական ապրանքները բոյկոտելով հերոս չենք դառնում, մանավանդ, որ այդ հանգստացողների միջոցով հնարավոր էր նույն Թուրքիայում հետախուզական գործողություններ ծավալել, բայց դե դա մեր ինչի՞ն է պետք: Մենք պիտի հանգիստ բազմենք բազմոցներին, տարին մեկ՝ հիշենք ու պահանջենք, հետո էլ մուննաթ գանք, որ ուրիշները ևս տարին մեկ են հիշում ու մերթընդմերթ կարեկցում: ՈՒ վերջ, վերջ, վերջ, էսքան բան,,, : Ոչ թե բարձր ամբիոններից պոռնիկ եվրոպաներից պիտի բան պահանջեինք, այլ քրդերի նման, թեկուզ 100 տարի, պատրաստվեինք մեր կորցրածը վերադարձնելուն: Սա է իրական ճշմարտությունը, որը մենք անտեսել ենք ու սահմանափակվել միայն վրեժի մերկապարանոց հայտարարություններով ու հիշել-պահանջելով:
Համակարգչի դիմաց նստած շախատ ենք անում քրդերին, այն նույն քրդերին, որոնք թուրքի հետ միասին իրագործել են հայերի ցեղասպանությունը: ՈՒ թող ոչ մեկ չասի, որ եղել են քրդեր, որոնք մեզ օգնել են: Ինչքան քրդերն են օգնել, այնքան էլ թուրքերը: ՈՒ թող ոչ ոք հույս չունենա, որ որևէ թիզ հող քրդերը մեզ պիտի նվիրեն, դա առնվազն դեմագոգիայի ծայրահեղ դրսևորում կդիտվի:
Գարիկ Պետրոսյան