Իրան-Հայասան երկաթուղու կառուցման հարցը ստրատեգիական նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար: Պատահական չէ, որ Հայաստանի հարևան պետությունները նույնպես ներգրավված են կառուցման ծրագրերում:
Հատկանշական է, որ երկաթուղու շինարարության հարցում շահագրգռված է նաև Չինաստանը:
Դրա ապացույցն այն է, որ նման ծրագրերում գործունեություն ծավալած չինական շատ կազմակերպություններ հետաքրքրություն են հայտնել մասնակցելու Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը:
Այս թեմային անդրադարձել է նաև Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Վերջինս իրատեսական է համարում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը. «Դուք տեղյակ եք, որ Հայաստանի վարչապետը չինացի իր գործընկերոջ հետ առաջիկայում քննարկելու է այդ հարցը: Այդ երկաթգծի կառուցումը ես իրատեսական եմ համարում, սակայն դրա կառուցման համար բավական երկար ժամանակ կպահանջվի»:
Կարելի է փաստել, որ չինական կողմը վերջին շրջանում ընդլայնել է Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի «ցանկը»: Այս համատեքստում կարևոր է նշել, որ Չինաստանը որոշակի հետաքրքրություններ ունի նաև «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման գործում, որն արտահայտվում է շինաշխատանքների համար հայտարարված մրցույթին չինական կազմակերպությունների դիմումներով:
ՀՀ վարչապետն առաջիկայում աշխատանքային այցով լինելու է Չինաստանում: Գործադիրի ղեկավարը չինական կողմի հետ բանակցելու է երկաթուղու շինարարության ֆինանսավորման հարցի շուրջ:
Արման Ղարիբյան