Բաքվի բռնապետական վարչակարգի քարոզչամեքենայի «ծանր հրետանի» համարվող պատգամավոր Ղանիրա Փաշաևան Ադրբեջանի Հանրային Հեռուստատեսությանը տված իր վերջին հարցազրույցում, խոսելով «Իսլամական պետության» մասին, մահմեդականներին կոչ է արել ավելի ակտիվ պայքարել այս ահաբեկչական կառույցի դեմ:

 

Իհարկե, հաճախ զավեշտի հասնող տարօրինակություններով այնպիսի «մահմեդական» երկրում, ինչպիսին Ադրբեջանն է, հնարավոր է ամեն ինչ՝ ներառյալ նաև այն, որ ժամանակին ի նշան Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված Ցեղասպանության բանաձևի դեմ բողոքի, սեփական ներքնազգեստի պարագաների հանրային ցուցադրության միջոցով ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու օրինակ ցույց տված հենց այս կին պատգամավորը կարող է, դիցուք, «ջիհադի» հրովարտակ էլ արձակել:

 

Բոլորովին այլ հարց է, թե նման մոտեցումներն ինչպես կընկալվեն համաշխարհային կրոն համարվող մահմեդականության իրական հետևորդների կողմից, որոնց թիվն, ի դեպ, այնքան էլ քիչ չէ Ադրբեջանի տարբեր շրջաններում:

 

Վարդան Ոսկանյան