Արդեն հոգնել եմ մեր տաղտկալի վերլուծություններից: Պարբերաբար լույս են տեսնում ինչ որ ՀԿ-ների, կամ էլ անհատ լրագրողների մեգավերլուծություններ, որոնց հիմնական մեսսիջը կայանում է նրանում, որ ԵԱՏՄ-ն քխ էր, իսկ կոնտեքստով կարմիր գծով գնում ա էս միտքը. «Բա երնեկ չէ՞ր Ասսոցացիան ստորագրեինք»: Ու նյարդայնացնողը ոչ թե այդ տեսակետի առկայությունն է, այլ այն սպեկուլյատիվ հնարքները, որոնք կիրառվում են նմանօրինակ վերլուծություններում: Ի՞նչ է պետք հասկանալ, որպեսզի սթափ նայել հարցին՝ չտրվելով «սիրում եմ-չեմ սիրում» տրամաբանությանը:
- Նախ, ամեն ինչ համեմատության մեջ է երևում: Եթե ասում ենք ԵԱՏՄ-ն վատն ա ու գիտենք որ դրա այլընտրանքը ԵՄ ասսոցացումն էր, ապա բերեք համեմատենք հակադիր օրինակի հետ: Ուկրաինան բաց ենք թողնում, այնտեղ պատերազմ է: Լավ, բա Վրաստանում ու Մոլդովայում, որտեղ ստորագրեցին ասսոցացումը, ինչո՞ւ մանանա չի թափվում երկնքից: Ասեմ ավելին, ինչո՞ւ տնտեսական իրավիճակն այդ երկրներում ավելի չլավացավ, իսկ որոշ հարցերում էլ վատացավ: Կասե՞ք:
- ԵԱՏՄ-ն ունի տեսական պոտենցիալ, ինչպես դա ունի նաև նույն ասսոցացումը, բայց պոտենցիալից օգտվելու վրա ազդում են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններ: Ասենք ԵԱՏՄ-ի պարագայում օբյեկտիվ գործոն ա առաջին հերթին Ռուսաստանի տնտեսական վիճակը, իսկ էդ վիճակը հետույքային ա՝ պատժամիջոցների ու նավթի գահավիժած գնի պատճառով: Հասկանալի է, որ 2013 թվականի համեմատ կատաստրոֆիկ նահանջ ապրած բարեկեցությունը Ռոււսաստանում չէր կարող նպաստել ԵԱՏՄ-ի ներքին շուկայի կայուն աճին ու զարգացմանը, առավել ևս, որ նավթի ու էներգակիրների ընկած գները հարվածեցին նաև միության երկրորդ տնտեսությանը՝ Ղազախստանին:
Դե իսկ սուբյեկտիվ գործոնն էլ արդեն մարդկային-կառավարական գործոնն է: ԵԱ լինի, թե ԵՄ, եթե սեփական տնտեսական համակարգդ կոռումպացված է, օլիգոպոլիկ ու ուղղված ներկրկմանը, դժվար է դրական շոշափելի արդյունք ակնկալել բնակչության համար:
- Ու վերջապես, երրորդ ու երևի ամենակարևոր կետը. գնահատման չափորոշիչները: Երբ գրվում են նման տափուկ վայ-վերլուծություններ, հենման կետ են ընդունում այն, որ ԵԱՏՄ չմտնելու այլընտրանքը եթե ԵՄ ասոցացում ստորագրելը չէր, ապա ԵԱՏՄ չմտնելն էր՝ առանց որևիցէ հետևանքների: Իսկ ո՞վ է ասել, որ այդպիսի հետևանքներ չէին լինելու: Ասենք, ի՞նչ երաշխիք կար, որ Ռուսաստանը պատժիչ սանկցիաներ չէր կիրառի ու ասենք չէր բարձրացնի գազի գինը մինչև 500 դոլար, կամ էլ չէր փակի ՀՀ-ից Ռուսաստան գնացող գրեթե ողջ արտահանումը, ինչպես դա արեց ասենք Մոլդովայի պարագայում:
Որևէ մեկը փորձե՞լ է հաշվարկել նման պատասխան քայերի տնտեսական հետևանքները մեր՝ առանց այն էլ ավերակների վերածված տնտեսության վրա: Համենայն դեպս ես չեմ տեսել որևիցե քիչ թե շատ լուրջ վերլուծություն այս ուղղությամբ այն աղբյուրներում, որտեղ ընդունված է մազերը փիտել՝ ԵԱՏՄ մտնելու կապակցությամբ:
Հ.Գ. ԵԱՏՄ-ին անձամբ ես վերաբերվում եմ այնպես, ինչպես միշտ՝ որպես չարյաց փոքրագույն ու պարտադրված այլընտրանքներից ամենաանցավը:
Կոնստանտին Տեր-Նակալյան