Տոնական միջոցառումների շրջանակներում այսօր նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը մեկնել են Շուշի:
Բերդաքաղաքում նրանք ներկա են գտնվել Հայաստանի ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի նորակառույց համալիրի բացմանը:


Մասնաճյուղը հիմնադրվել է ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների որոշումներով 2008թ. օգոստոսին՝ Արցախի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի եւ Ստեփանակերտի պետական գյուղատնտեսական քոլեջի բազաների հիման վրա: Այն սկսել է գործել 2009 թ. փետրվարից՝ Ստեփանակերտում: Հիմնադրման պահին մասնաճյուղն ուներ 860 սան՝ երկու (բակալավրային եւ միջին մասնագիտական) կրթական համակարգերում, դասավանդում էր 80 դասախոս: Պատասխանատուների հավաստմամբ, այսօր մասնաճյուղն ունի շուրջ 1500 սան, դասավանդում է 100-ից ավելի դասախոս: Անցած 6 տարիների ընթացքում մասնաճյուղը տվել է 1690 շրջանավարտ' 573 բակալավր, 138 մագիստրոս եւ 980 միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետներ:


Շուշիում հայկական երկու հանրապետությունների նախագահներն այնուհետեւ այցելել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ քաղաքում կառուցված՝ Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարան: 225 ուսանողի համար կառուցված եռահարկ ուսումնական կենտրոնը, որ զբաղեցնում է շուրջ 4050քմ մակերես, ունի հանրակրթական առարկաների եւ արհեստների ուսուցման համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները, այդ թվում՝ կահավորված դասասենյակներ, սարքավորումներով ու պարագաներով հագեցած լաբորատորիաներ, արհեստանոցներ:

 

Վրեժ Հովսեփյան