Սխալ է, երբ համամատում են Արցախի ու Ղրիմի խնդիրները' դրանք բացարձակապես տարբեր են: Ղրիմը լրիվ այլ հարց է. դա թերեւս կարելի է համեմատել մի գեղեցիկ մատանու հետ, որը սկզբից նվիրաբերվում է, իսկ գժտվելուց հետո ետ է խլվում: Վաղն էլ չի բացառվում, որ հաշտվելուց հետո գուցեեւ նորից ետ տրվի' աստված իրենց հետ:

 

Իսկ 1921 թ. Արցախի կարգավիճակի որոշման հարցը, որքան էլ որ պարադոքսալ է, լուծել են ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը, այլ մեկ այլ' երրորդ կողմը, տվյալ դեպքում' Ռուսաստանի կուսակցական մարմինը: Ավելի անտրամաբանական իրավիճակ դժվար թե գտնվի մեր ժամանակներում: Այս որոշումն իրոք որ աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը' առանց որևէ լիազորության, իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է մեկ այլ տարածքի կամ մեկ այլ երկրի կարգավիճակը:


Հիշեցնենք, որ 1921թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական (բոլշեւիկյան) կուսակցության Կովկասյան բյուրոն Թիֆլիսում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում սկզբից հաստատվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը։ Սակայն, Մոսկվայի կուսակցական վերադասի թելադրանքով և Ստալինի անմիջական միջամտությամբ, ինչպես նաեւ օգտվելով Հայաստանի ջախջախված վիճակից' հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը:

 

Ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ տրամաբանությունից զուրկ որոշում, այն դեպքում, երբ չէր պահպանվել նույնիսկ բյուրոյի նիստի ձեւական ընթացակարգը։

 

Ռուբեն Շուխյան