1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած՝ Հայաստանի անկախության հռչակագիրը ոչ միայն իր անկախ պետությունը վերականգնելու՝ մեր ժողովրդի դարավոր երազանքի արտահայտությունն էր, այլեւ նրա երկու հատվածների՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման փաստացի իրողությանը իրավական տեսք տալու փորձ։ Անկախության հռչակագիրը հիմնվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։ Սրանով անկախության հիմքերը ի սկզբանե դրվում էին միաժամանակ երկու «հենասյուների» վրա, որոնցից երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղը, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքի հիման վրա մեկ տարի անց՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, հռչակեց իր անկախությունը։

 


Այսօր՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, երբ Ադրբեջանը բանակցությունների հերթական ձախողումից հետո մտադիր է կրկին դիմել ՄԱԿ-ին՝ իր գոյություն չունեցող «տարածքային ամբողջականությունը» ճանաչելու պահանջով հրամայաբար առաջ է գալիս անկախության հռչակագրում ամրագրված հայկական երկրորդ պետության միջազգային-իրավական կարգավիճակի հարցը։

 


1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրը եւ նրան հաջորդած իրավական ակտերը՝ ընդհուպ մինչեւ 1991թ. սեպտեմբերի 2-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը, վկայում են, որ տարիներ շարունակ ադրբեջանական դիվանագիտության «գլխավոր խաղաթուղթը» դարձած «տարածքային ամբողջականության սկզբունքը» պարզ խաբեություն է։
Այն իրողությունը, որ ՄԱԿ-ը ճանաչել է նախկին խորհրդային հանրապետությունները՝ իրենց խորհրդային սահմաններով, նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը՝ նախկին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի սահմաններով, իրավական առումով ներկայումս գտնվում է ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Հայաստանի կազմում։ Որովհետեւ 1991թ. սեպտեմբերի 2-ից, մինչեւ Բելովեժյան համաձայնագիրը, իր անկախությունը հռչակած ԼՂՀ-ն դե յուրե չի եղել Ադրբեջանի կազմում։

 


1990թ. օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության հռչակագիրը ցույց է տալիս նաեւ, որ թեեւ մեր ներկա պետականությունը սկսել է ձեւավորվել ԽՍՀՄ կազմում եղած հայկական երկու պետական կազմավորումների հիմքի վրա, բայց դրանցից երկրորդը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ոչ միայն տարանջատվել է Ադրբեջանից, այլեւ 1989թ. դեկտեմբերի 1-ի եւ 1990թ. օգոստոսի 23-ի հռչակագրերով նրան իր կազմ ներառելու գործընթացը սկսած Հայաստանից։ Այսպիսով ԼՂՀ-ն իրավական առումով Ադրբեջանի հետ որեւէ կապ չունի, իսկ ահա Հայաստանի հետ հռչակել, բայց ժամանակավորապես սառեցրել է միասնական պետության ձեւավորման գործընթացը։
Ուստի, երբ այսօր փորձ է արվում Ղարաբաղյան հիմնահարցը տեղափոխել ՄԱԿ-ի ամբիոն, հույս ունենալով, թե վերջինս իր հռչակած միութենական հանրապետությունների ԽՍՀՄ սահմանները ճանաչելու ընդհանուր սկզբունքը կտարածի ԼՂՀ-ի վրա, ապա բնական է, որ առաջ է գալու այն ողջ իրավական-պայմանագրային հենքը բացահայտելու խնդիրը, որը ձեւավորվել է 1990-1991 թվականներին։ Դա անհրաժեշտ է նաեւ մի պատճառով. անցած տարիների ընթացքում ադրբեջանական քարոզչությունը կարողացել է միջազգային ասպարեզում ստեղծել այն թյուր տպավորությունը, թե իբր մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը ԼՂՀ-ն միշտ էլ Ադրբեջանի մասն է եղել։

 


Այս հանգամանքի վրա անհրաժեշտ ուշադրություն չի դարձրել նաեւ մեր դիվանագիտությունը, որի հետեւանքով Ադրբեջանն իր համար հնարել է մի հեքիաթ՝ «տարածքային ամբողջականություն» անունով եւ դրանով տարիներ շարունակ աջ ու ձախ շանտաժի ենթարել բոլորին։ Մինչդեռ նախքան ԽՍՀՄ-ի փլուզումը Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրս գալու քայլը լիովին իրավական է, քանի որ հիմնվում էր այդ պահին գոյություն ունեցող պետության «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» 1990թ. ապրիլի 3-ի օրենքի վրա։ Եթե Ադրբեջանը շարունակի համառել իր տարածքային ամբողջականությունը վերահաստատելու համար ՄԱԿ-ին ուղղվող պահանջների մեջ, ապա Հայաստանը, հիմնվելով 1990թ. օգոստոսի 23-ի իր անկախության հռչակագրի՝ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի համատեղ անկախացման մասին վկայող իրավական ակտի եւ մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումն այդ մտադրության իրականացման առաջին քայլի՝ ԽՍՀՄ օրենքի հիման վրա, Ադրբեջանի կազմից ԼՂԻՄ-ի դուրս գալու ակնհայտ իրավական փաստի՝ 1991թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրի ու նրան հետեւած հանրաքվեի վրա, կարող է դիմակայել ՄԱԿ-ին իբրեւ իր դիվանագիտության գործիք օգտագործելու ցանկացած փորձ։

 


1991թ. սեպտեմբերի 2-ից հետո դե յուրե Ադրբեջանի կազմում այլեւս գոյություն չունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ Շահումյանի շրջանի հետ մեկտեղ, ՄԱԿ-ի կողմից ճանաչված միութենական հանրապետությունների սահմանների մեջ չի մտնում եւ այն ոչ թե «վիճելի տարածք» է, այլ Ադրբեջանից դուրս գտնվող, բայց վերջնականապես չճանաչված պետական կազմավորում, որը դեռեւս 1990թ. օգոստոսի 23-ին ցանկություն է հայտնել Հայաստանի հետ կերտել միասնական պետություն։

 

Սևակ Գրիգորյան