Համաշխարհային շուկայում պղինձը շարունակում է էժանանալ' հասնելով 2009 թ-ի գներին (տես գծագրում):
Պղնձի նման անկումը լուրջ վնասներ է հասցնում պղնձի խտանյութ արտահանող երկրներին, այդ թվում զգալի չափերով վնասներ է հասցնում Հայաստանին, քանի որ ՀՀ-ի արտահանման կառուցվածքում մոտ 35 տոկոսը բաժին է ընկնում հանքահումքային ապրանքներին, որն էլ մեծ արտարժույթի ներհոսք է ապահովում դեպի մեր տնտեսությունը:
Պղնձի գնի անկումը մենք զգացինք մեր տնտեսության վրա դեռ 2008-2009թթ-ին, որը իր հետևանքները թողեց տնտեսության ապագա զարգացման վրա: 2009թ-ի գների անկումից հետո մենք պետք է հասկանայինք, որ նման խնդիրներ լինելու են միջազգային շուկաներում և միշտ չէ, որ պղինձը միայն բարձրանալու է: Դրանից ելնելով պետք է լուծումներ փնտրեինք, որ հետագայում նման իրավիճակը մեր տնտեսությանը խնդրի առջև չկանգնացներ: Խնդրի լուծումը կա, բայց ոչ մի դրական շարժ, առաջարկ, մտահոգություն չկա համապատասխան պետական մարմինների կողմից:
Ինչու 2009թ-ից հետո չի քննարկվում ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ծրագրեր, ինչու չկան վերլուծություններ, թե ինչու ներդրումներ չեն կատարվում վերամշակող կազմակերպություններ հիմնելու համար: Հանքարդյունաբերությունը մեր ազգային հարստությունն է և բոլորը պետք է հասկանան, որ խտանյութ արտահանելու փոխարեն կարող ենք վերջնական արտադրանք արտահանել և ամենաքիչը 3-4 անգամ ավելացնել ընդհանուր արժույթի մուտքերը' խուսափելով նման վայրիվերումներից:
Այդ պարագայում ՀՀ-ն կունենա մի քանի անգամ ավել արտարժույթային ներհոսք, մարզերում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր, ընդհանուր արտահանում-ներմուծում բացասական հարաբերակցությունը կնվազի և ազգային արժույթը կարժեվորվի և կպահի իր դիրքերը, այլ ոչ թե ամեն տարի 40-50 դրամ կգահավիժի: Բոլորը խոսում են տնտեսության արագ զարգացումից, բայց ոչինչ չի արվում: Հենց սա է տնտեսության արագ զարգացումը. Եթե մենք ստեղծենք վերամշակող գործարաններ և մենք ինքներս վերամշակենք մեր հումքը, ապա սա մուլտիպլիկատիվ էֆեկտ կթողնի մեր տնտեսության վրա, ինչին ձգտում են բոլոր երկրները: Բայց խնդիրը դեռ մնում է բաց, չկան վերլուծություններ, չկան առաջարկություններ, ահա այն կարևոր խնդիրները, որ պետք է քննարկվեն, լուծումներ առաջարկվեն և կյանքի կոչվեն, եթե ուզում ենք ունենալ զարգացած և կայուն տնտեսություն:
Համլետ Թադևոսյան