Կարսի Առաքելոց եկեղեցու ոդիսականը... Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, 19-րդ դարավերջի լուսանկար: Այս նկարը ուշագրավ է նրանով, որ եկեղեցու և ժամատան վրա ռուսական ուղղափառ խաչեր են տեղադրված:
Արդեն մեկ հազարամյակի պատմություն ունեցող Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է 10-րդ դարի 30-ական թվականներին Աբաս Բագրատունու օրոք: 1579-ին թուրքերն այն վերածում են մզկիթի՝ գմբեթին տեղադրելով կիսալուսին: 1878 թ. Կարսը՝ կեսդարյա անընդմեջ հակամարտությունից հետո Օսմանյան Թուրքիայից անցնում է Ռուսական կայսրության կազմի մեջ, իսկ Սուրբ Առաքելոցը դառնում է արդեն ռուս ուղղափառ եկեղեցի: Եւ միայն 1919-20 թթ., երբ մեծագույն ջանքերի շնորհիվ Կարսը մտնում է նորանկախ Հայաստանի Առաջին Հանրապետության կազմի մեջ՝ Կարսի Սուրբ Առաքելոցը վերջապես դառնում է այն, ինչ որ կար ի սկզբանե՝ հայ առաքելական եկեղեցի, եւ ըստ դրա էլ վերփոխվում են նաեւ խաչերի ուրվագծերը:

 


Սակայն դա ավաղ կարճ է տեւում: 1921թ. Սովետական Ռուսաստանը Կարսն ուղղակի նվիրաբերում է իր «նորահայտ» ռազմավարական դաշնակցին՝ քեմալական Թուրքիային: Քաղաքում թուրքերի եւ քրդերի հայտնվելուն պես պատմական շինությունը երկար ժամանակ օգտագործվում է որպես պահեստ: 1970 թ. այստեղ բացվում է թանգարան, իսկ արդեն 1998 թվականից Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։

 

Ռուբեն Շուխյան