Հետաքրքիրր տենդենց է նկատվում Ռուսաստանի հասարակական-քաղաքական դաշտում: Եթե ուշադիր լինենք՝ վերջին շրջանում տարբեր տրամաչափի ռուս պաշոնյաներ փայլում են իրենց երևակայությամբ:
Արդեն որերորդ պաշտոնյան է, որ Հայաստան-Ռուսաստան համագործակցության մասին խոսելիս, անբնական վատատեսությամբ է լցվում թե՛ Հայաստանի, և թե՛ հայ ժողովրդի նկատմամբ:
Երեկ էլ «Միջազգային Եվրասիական» շարժման առաջնորդ, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը լրատվականներից մեկի հետ զրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ ներկա ֆինանսատնտեսական իրավիճակին և ԵՏՄ գործունեությանը:

 


Առանձնահատուկ ուշադրության է արժանի Դուգինի մտահոգությունները ՀՀ արտաքին քաղաքական կուրսի փոփոխման և դրա հետագա զարգացումների մասին, մեջբերեմ. «Իսկ եթե Ռոսւաստանի համար այսպիսի դժվար իրավիճակում Հայաստանը փորձի արևմուտքից աջակցություն ստանալ, ուրեմն կպայթի, և Հայաստանից ոչինչ չի մնա: Եվրասիական տնտեսական միությունը Նոյյան տապանն է, ով նստի տապան՝ կգոյատևի, ով ոչ՝ երկրի երեսից կանիծվի, կջնջվի»:
Դուգինը բավականին գունագեղ պատկերացումներ ունի միջազգային դիվանագիտության և աշխարհաքաղաքական զարգացումների մասին, այնպես չէ՞:

 


Այնուամենայնիվ, Հայաստանում հնարավոր կատակլիզմների, արմագեդոնների և վերաստվածային անեծքների մասին խոսելուց առաջ, Դուգինը թող մի փոքր ավելի խորը մտածի: Օրինակի համար, Դուգինը մտածե՞լ է, թե ի՞նչ կլինի, եթե Հայաստանը ցտեսություն մաղթի Ռուսաստանին:
Այս դեպքում Կովկասն իր դռները կփակի ռուսների համար, իսկ երբեմնի գերտերությունը կվերածվի ուղղակի ռեգիոնալ լիդերի:
Ի վերջո, նմանատիպ միջակությունները վերջապես պետք է հասկանան, որ «мать Россия»-ն Հայաստանի հետ համագործակցելով լավություն չի անում հայ ժողովրդին:
Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են՝ փոխշահավետ հարցերից ելնելով: Այսինքն առաջին հերթին Ռուսաստանը ոչ թե փրկիչ է, այլ տարածաշրջանում լուծում է սեփական խնդիրները:

 

Խաչատրյան Ժոռա