Դարեր շարունակ Մետաքսի ճանապարհը եղել է ցամաքային ու ծովային ճանապարհների այն ցանցը, որով իրար են կապվել Հեռավոր Արևելքը, Միջին Արևելքը և Եվրոպան: Այս ճանապարհի առանցքային օղակներում գտնվում էին քաղաքներ, որոնք օգնում էին առևտրականներին կտրել այդ ճանապարհը և վաճառել իրենց ապրանքները' զարդերից ու տարբեր գործվածքներից սկսած մինչև օծանելիք ու դեղորայք: Չինաստանից Եվրոպա տանող Մետաքսի ճանապարհի մի երթուղին անցել է նաև Հայաստանով:
Ծովագնացության հետագա զարգացման հետևանքով, 14-րդ դարից սկսած, Մետաքսի ճանապարհի նշանակությունը գնալով նվազեց։ Եվ միայն վերջին տարիներին՝ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը զուգահեռ, վերստին ակտուալություն ձեռք բերեց Մետաքսի ճանապարհի վերականգնման խնդիրը:

 


2013թ.-ին ՉԺՀ նախագահ Սի Ձինպինն առաջ քաշեց «Նոր Մետաքսի ճանապարհ. տնտեսական գոտի» հայեցակարգը: Այս ծրագրով Չինաստանը ցանկանում է ժամանակակից առևտրային մայրուղիների տեսքով ձևավորել «Նոր մետաքսի ճանապարհը»՝ Շանհայից մինչև Բեռլին: Ծրագրի կյանքի կոչման հիմնական նպատակներից մեկը բեռների փոխադրման ժամկետի նվազեցումն է:
Դեպի Եվրոպա ելքը նախատեսվում է կազմակերպել Իրանով, ինչը ամենակարճ ճանապարհն է, բայց քանի դեռ Իրանի հանդեպ պատժամիջոցներ են կիրառվում, դիտարկվում է Վրաստան, Թուրքիա երթուղին: Սակայն Իրանի և Վեցնյակի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կայացումը և պատժամիջոցների վերացումը նոր հնարավորություն է ստեղծում, որպեսզի Մետաքսի ճանապարհի՝ Իրանով անցնող հարավային երթուղու գործարկումը դառնա ավելի հրապուրիչ: Այս համատեքստում առավել իրատեսական է դառնում նաև Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը:
Հարկ է նշել, որ «Նոր մետաքսի ճանապարհի» ծրագրի իրականացման գործում ամենից առաջ շահագրգռված է Չինաստանը, որը նախատեսում է 40 միլիարդ դոլար հատկացնել մեծ կարևորություն ունեցող ճանապարհի շինարարության համար, որից 3-3,5 միլիարդ դոլարը կարող է ուղղվել երկաթգծի կառուցմանը:

 


Չինաստանը աշխարհի գերհզոր պետություններից մեկն է, որն ունի հսկայական մարդկային և տնտեսական ռեսուրսներ և Չնաստանի համար Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը որևէ բարդություն չի հարուցում, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ մետաքսի ճանապարհի մի հատվածի Հայաստանով ու Իրանով անցնելը լիովին տեղավորվում է չինական հետաքրքրությունների շրջանակում:
Արդեն իսկ հայկական կողմը չինական կողմից առաջարկներ է ստացել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման վերաբերյալ: Առաջարկություններ են եղել չինական մի քանի կազմակերպություններից, սակայն հայկական կողմը նախապատվությունը տալիս է այդ առաջարկություններից երկուսին: Սպասվում է, որ այդ առաջարկությունները առաջիկայում կդառնան կոնկրետ պայմանավորվածություններ:

 

Նարեկ Պողոսյան