Մենք սիրում ենք մեր երկիրը և նախանձում այստեղից մշտապես հեռացողներին:
Մենք սիրում ենք նաև մեր երկրի հողը, օդն ու ջուրը:
Մենք սիրում ենք մեր երկրի հողը այն աստիճան, որ այն մշակելու փոխարեն երազում ենք միայն հուղարկավորվել հայրենի հողում՝ մեր «մասունքներով» «սրբացնելով» այն:

 


Մենք սիրում ենք մեր երկրի օդը և կտրում ենք ծառերը, քանի որ կտրած ծառի կամ վառվող փայտի հոտն էլ ենք սիրում:
Մենք սիրում ենք մեր երկրի ջուրը, սիրում ենք այնքան, որ մեր մեքենաները լվանում ենք միմիայն հայրենի խմելու ջրով, սիրում ենք այնքան շատ, որ անվճար չենք տալիս ջուրը ոչ մեկին՝ ո՛չ գյուղացուն՝ հողը ջրելու համար, ո՛չ քաղաքացուն՝ խմելու համար:

 


Մենք սիրում ենք նաև մեր երկրի անտառները, որոնք փրկել են մեզ և մեր երեխաներին ցուրտ ու մութ տարիներին և բարեկամներով-ընկերներով այցելության ենք գնում անտառ՝ այնտեղ թողնելով մեր ներկայության հիշատակումները՝ լայնաբերան կենացներ և մեծածավալ աղբ:
Մենք սիրում ենք նաև մեր երկրում ապրած նախորդ սերունդներին, հարգում ենք նրանց, ոչի՜նչ, որ չենք ճանաչում, կարևորը՝ սիրում-հարգում ենք, պատրաստ ենք արձանը տեղադրել:
Մենք սիրում ենք նաև մեր երկրում մեզնից հետո եկող սերունդներին՝ երեխաներին, ոչի՜նչ, որ չենք ճանաչում, չենք էլ փորձում, կարևորը՝ սիրում ենք:

 


Մենք սիրում ենք մեր երկիրը, ոչի՜նչ, որ համաերկրյացուն պատրաստ ենք խաբել, թալանել, ծեծել, սպանել, չէ՞ որ կարևորը մարդը չէ, կարևորը՝ երկիրն է:
Մենք սիրում ենք մեր երկիրը և շենացնում ենք այն՝ կառուցելով ամեն ինչ ամեն տեղ՝ առաջ ենք տալիս մեր պատշգամբները, լայնացնում ենք ավտոտնակները, զավթում ենք հանրային (այսինքն՝ ոչ մեկի) տարածքը և կառուցապատում այն:
Մենք սիրում ենք մեր երկիրը, նույնիսկ երբ լուռ ենք մնում, երբ այն ոչնչացնում են: Կարևորը, որ հոգու խորքում, ինչ-որ շատ խոր մի տեղ, մենք սիրում ենք մեր երկիրը:

 

 

 

Մովսես Դեմիրճյան