Մարզերի խնդիրները երկրի տնտեսության օրակարգային հարցերից են: Հարցերի լուծման նպատակով կազմակերպվող այցելությունները չպետք է կրեն ֆորմալ բնույթ, այլ ունենան արդյունավետ լուծումներ:
Ներկայումս Լոռու մարզի Մարգավահովիտ համայնքում ընթանում են 2 կմ երկարությամբ ճանապարհատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն հաջորդ ամիս:

 

Ճանապարհատվածի հիմնանորոգման համար ներդրվել է 96 մլն դրամ: Մարզում առկա խնդիրներից մեկը տեղի միջնակարգ դպրոցին հարակից 370 մետր երկարությամբ ճանապարհի անբարեկարգ լինելն է: Այս հարցի լուծման համար մարզի բնակիչները դիմել էին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով այս օրերին սկսել է մարզային իր այցելությունները:
Խնդրի լուծման համար որոշվել է պետբյուջեից հատկացնել անհրաժեշտ 25 մլն դրամ և աշխատանքները սկսել օպերատիվ կարգով:

 

 


Վանաձորում ներկայումս ընթանում են թիվ 18 հիմնական դպրոցի վերակառուցման աշխատանքները: Ավարտից հետո դպրոցը կունենա 2 մարզադահլիճ, ճաշարան, հանդիսությունների դահլիճ, լաբորատորիաներ, լոկալ ջեռուցման համակարգ և կհամալրվի անհրաժեշտ ժամանակակից գույքով: Դպրոցի վերակառուցման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է մեկ միլիարդ 100 մլն դրամ:

 

 


Դեպի Գարգառ համայնք տանող 3,9 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից ներդրվել է 450 մլն դրամ: Բացի դրանից, Ագարակից մինչև Օձուն ձգվող 40 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինաշխատանքների կյանքի կոչման համար հատկացվել է 3 միլիարդ 450 մլն դրամ: Բարձրակարգ ճանապարհը միմյանց կկապի Ստեփանավանի տարածաշրջանի միանգամից 12 համայնք:

 

 

Մարինա Ներսեսյան