ՀՀ սահմանադրության 48- րդ հոդվածի 6- րդ կետի համաձայն պետությունը խթանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը: Այդ քաղաքականության իրականացման բաղադրիչներից է ՀՀ քաղաքացի համարվող, Հայաստանում բնակվող Հայաստանի և նախկին Խորհրդային միության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների համար ամսական պատվովճարի, ինչպես նաև վարձատրության սահմանումը այն մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի գլխավոր ու ավագ մարզիչների համար, ովքեր ձեռք են բերել ավելի մեծ արդյունքներ և ում պատվին բարձրացվել է ՀՀ պետական դրոշը:

 


Այսօր այդ ոլորտի իրավահարաբերությունները կարգավորվել են ՀՀ կառավարության որոշմամբ, որը կխրախուսի մարզիչների և մարզիկների մարզական ակտիվ գործունեությունը, կնպաստի նրանց սոցիալական վիճակի բարելավմանը, նոր' ավելի մեծ արդյունքների նվաճմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:

 

 

Մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 15- ը ՀՀ մարզական ֆեդերացիաները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն են ներկայացնում հավաքական թիմերի հետ աշխատող բարձր արդյունք ցուցաբերած մարզաձևերի գլխավոր է ավագ մարզիչների ցուցակը և տվյալ տարի աշխարհի չեմպիոն դարձած մարզիկների ցուցակը:

 

 

Վարձատրություն ստացող մարզիչների և պատվովճար ստացող մարզիկների ցուցակները ամեն տարի հաստատվում են նախարարի հրամանով: Ըստ հրամանի վարձատրվում են հավաքական թիմերի այն գլխավոր և ավագ մարզիչները, ովքեր հավաքական թիմերի ուսումնամարզական գործընթացն իրականացնում են կենտրոնացված մարզումների միջոցով, ում հավաքական թիմերի անդամներն ունեն ավելի բարձր արդյունքներ և ամեն տարի մեդալներ են նվաճում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և մեր երկիրը ներկայացնում օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերում:

 

 

Այժմ ՀՀ հավաքական թիմի գլխավոր և ավագ մարզիչներից 16- ը վարձատրվում է: Եվս 28 մարզիկ պարգևավճար է ստանում: Նրանցից են Իսրայել Հակոբկոխյանը, Բենուր Փաշայանը, Արսեն Ջուլֆալակյանը, Նազիկ Ավդալյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Քրիստինե Նաջարյանը, Վլադիմիր Հակոբյանը, Յուրի Վարդանյանը, Ալբերտ Ազարյանը և ուրիշներ: 2015թ. պետբյուջեով նշված ծրագրին հատկացվել է մոտ 41 մլն դրամ:

 

 

Արմեն Վարդանյան