Հանրապետության 205 համայնքներում, այդ թվում և Ստեփանակերտում սեպտեմբերի 13-ին կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը մանրամասնել է , որ հանրապետության 162 համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ. 63 համայնքում՝ միայն ավագանու, իսկ 7-ում՝ համայնքի ղեկավարի ընտրություններ:
Ե. Արզումանյանի խոսքով, ԼՂՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, ԿԸՀ-ի կողմից հաստատված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների 60-ից ավելի միջոցառումների ժամանակացույցի համաձայն, թեկնածուների ինքնաառաջադրման կամ կուսակցությունների կողմից գրանցման փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել ընթացիկ տարվա օգոստոսի 9-14-ի ժամը 18:00-ն:
Թեկնածուների գրանցումը կկատարվի օգոստոսի 14-19-ի ժամը 18:00-ն, իսկ նախընտրական քարոզչության ժամանակահատված է սահմանվել օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 11-ի ժամը 24:00-ն: ԿԸՀ տեղակալի տեղեկատվությամբ՝ արդեն իսկ կազմավորվել են ընտրական տեղամասերը, որտեղ փակցվել են ընտրողների ցուցակները:
Անդրադառնալով մինչ այժմ ՏԻՄ ընտրությունների համար առաջադրված թեկանծուների թվին և նախընտրական գործընթացի ակտիվությանը՝ Ե. Արզումանյանը նշել է, որ ներկա դրությամբ արդեն առաջադրվել են համայնքի ղեկավարի թեկնածության համար 79, իսկ ավագանու անդամության համար՝ 163 քաղաքացիներ, ինչը, ոլորտի պատասխանատուի խոսքով, գործընթացի նկատմամբ մեծ ակտիվության մասին է վկայում: ՏԻՄ ընտրությունների շրջանակում Ստեփանակերտում նույնպես կկայանան համայնքի ավագանու անդամների և քաղաքապետի ընտրություններ :
Այդ առումով, ԿԸՀ նախագահի տեղակալ Ե. Արզումանյանը հայտնել է, որ ներկա դրությամբ քաղաքապետի թեկնածության համար առաջադրված միակ թեկնածուն գործող քաղաքապետն է, իսկ մայրաքաղաքի համայնքային ավագանու անդամության թեկնածու է առաջադրվել 12 քաղաքացի:
Վրեժ Հովսեփյան