Գյուղատնտեսական տարին դեռ շարունակվում է: Շուտով գալիս է խաղողի բերքահավաքի ժամանակը և սպասվում է առատ բերք: Գաղտնիք չէ, որ խաղողի մի մեծ մասը մթերվում է գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող տարբեր կազմակերպությունների կողմից: Միջազգային շուկայում, մասնավորապես Ռուսաստանում, Հայաստանյան գինու հիմնական մրացկիցներից է վրացականը:
Այսօր Ռուսական մամուլում տարածվել էր, որ ՌԴ իշխանությունները միտք ունեն արգելել Վրացական գինու ներկրումը իրենց շուկա: Այս որոշման համար պատճառ է հանդիսացել Վրաստանի ԵՄ-ի կողմից իրականացվող հակառուսական պատժամիջոցներին միանալու փաստը:
Վերը նշված որոշման հարապարակումից կարճ ժամանակ հետո, վրացական կողմը հայտարարել է, որ նրանք միացել են կիրառվող 15 պատժամիջոցներից միայն մեկին' այն է ապրանքների ներկրման արգելք Ղրիմից և Սևաստոպոլից: Վերջիններս նշել են, որ չէին կարող չմիանալ այս կետին, քանի որ նույն վերաբերմունքն են պահանջում իրենց գործընկերներից Աբխազիայի և Հարավային Օսիայի պարագայում:
Ըստ Վրաստանի ԳՆ-ի հրապարակած տվյալների, 2 տարվա ընթացքում ՌԴ արտահանվող գինու ծավալները աճել են շուրջ 400%- ով' հասնելով տարեկան 45-50 միլիոն շշի: Նրանք նշել են, որ պատժամիջոցի կիրառման դեպքում վրացական գինեգործությունը զգալի վնասներ կկրի, իսկ կառավարությունն էլ ստիպված կլինի փոխհատուցել արտադրողների արտադրական ծախսերը:
Ինչևէ, սպասենք վերը նշված խնդրի հանգույցալուծմանը: Ճիշտ է, Վրաստանը մեզ համար կարևոր գործընկեր է և նրա տնտեսության հնարավոր ցնցումները մեզ չեն կարող ուրախացնել, բայց և այնպես որոշման ի կատար ածվելը կնշանակի, որ շուկայում կլինի դիֆիցիտ, որն էլ կարող է, թեկուզ մասամբ, բայց լրացվել հայկական գինու միջոցով:
Տիգրան Հարությունյան