Օրերս հայտնի դարձավ, որ նաիրիտցիների խնդիրը վերջնականապես լուծում է ստացել և տարիների ընթացքում կուտակված աշխատավարձերի պարտքերը վճարվել են: Ճիշտ է, որպես անհատ քաղաքացի, ով վճարում է հարկեր, չեմ ընդունում, որ իմ փողերով վճարվեն մասնավոր կազմակերպության կուտակած աշխատավարձերի պարտքերը, բայց բարոյական տեսանկյունից հասկանում եմ պետությանը:
Թվում էր, թե այսքանով կավարտվի Նաիրիտի ոդիսականը, սակայն այսօր լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հայտարարել է, որ նրանք պատրաստվում են դիմել դատարան շանտաժի մեղադրանքով: Վերջինս պնդում է, որ աշխատավարձերի վճարումն առանց տույժ ու տուգանքների համաձայնագիրը ստորագրվել է շանտաժի միջոցով: Նա ասել է նաև, որ դեռ պետք է պարզել, թե ինչու՞ են այդ աշխատավարձերը վճարվել բյուջեից:
Զավեշտալին այն է, որ դեռ ոչ վաղ անցյալում «Նաիրիտ» գործարանի բոլոր աշխատակիցները' այդ թվում նաև Անուշ Հարությունյանը, պնդում էին, որ իրենց չի հետաքրքրում գումարի աղբյուրը, իսկ այսօր բողոքում են, որ պարտքերը մարվել են պետական բյուջեի հաշվին:
Այսինքն ի՞նչ է ստացվում' պետությունը ընդառաջ գնալով, վճարում է դեռ տարիներ առաջ լուծարված մասնավոր կազմակերպության կուտակած պարտքերը, բայց գումարը ստանալուց հետո տեղի է ունենում ախորժակի ավելացում: Մի՞թե նաիրիտցինրը չեն հասկանում, որ այսպիսի պահվածք դրսևորելով փակում են բոլոր այն խմբերի ճանապարհները, ովքեր իրենց սոցիալական խնդրի լուծումը տեսնում են կառավարության միջոցով: Ցանկացած հարցին պետք է մոտենալ ադեկվատ և չփորձել հատել լկտիության սահմանը:
Արմեն Վարդանյան