Ամսից ավել է, կարծեմ, որ ինչպես սոց.ցանցերում, այնպես էլ քաղաքական դաշտում բոլորը քննադատում են սահմանադրական բարեփոխումների առաջադրված նախագիծը: Մի մասը կետ առ կետ «ոչնչացնում» է այն, մյուսները զգուշավոր պաշտպանում են առաջարկված նախագիծի դրույթները: Ես չեմ ուզում խոսել, թե ով է ճիշտ, ով՝ սխալ: Իրականում խնդիրը այլ հարթության մեջ է: Հիմա ենթադրեք Սահամադրությունը փոխվեց: Դա ինչ է նշանակում, որ մեր երևանաբնակ և մարզաբնակ քաղաքացին միանգամից կարողանալու է իր իրավունքներից ու ազատություններից օգտվել, դրանք գործարկել՞ ... իրականում օգտվողը ներկա Սահմանադրությունից էլ կօգտվեր:
Մարդկանց մի մասը իրականում տեղյակ էլ չեն իրենց իրավունքներից ու ազատություններից անգամ գործող Սահմանադրության պարագայում: Եվրոպական գրանտակերների թռեյնինգները մեծ փոփոխություններ չեն մտցրել էդ հարցում: Մարդիկ իրենց իրավունքերի մասին հիմնականում քիչ բան գիտեն, չեն կարողանում դրանք գործարկել, քանի որ կարծում են, թե դա անիմաստ բան է: Ռեալությունը երբեմն փաստում է, որ նրանք սխալ չեն: Սակայն որևէ քայլ չեն անում, որ իրավիճակը փոփոխվի:
Ավելին՝ նրանց մի մասին, առհասարակ, այդ Սահմանդրությունները հետաքրքիր էլ չեն: Իրենք ունեն «իրենց» Սահմանդրությունը, իրենց ապրելակերպը, ճշտի ու սխալի, ընդունելիի ու անընդունելիի, բարոյականի ու անբարոյի «սեփական» պատկերացումները: Իսկ այդ սեփական Սահմանադրության մեջ օրենքն ու իրավունքը իրենց դասական/իրավական ընկալմամբ տեղ չունեն, քանի որ իրականում չեն աշխատում: Դրանք փոխարինված են անձնական տիրույթին բոնորոշ ավանդույթային, սոցիալական այլ նորմերով. այ դա մեզանում բավական լավ աշխատում է:
Որքան էլ «նոր» կամ «հին» Սահմանդրությունները լավը լինեն, եթե դրանք մարդկանց համար կիրառելի չեն, եթե մարդիկ գիտակցություն, ցանկություն չունեն դրանցից օգտվելու, ապա դրանք արհեստական են, գործնականում չաշխատող: Սահմանադրական բարեփոխումների՝ նախատեսվող հանրաքվեի շեմին հետաքրքիր է, թե քանի՞ քաղաքացի իրապես կարդացած կլինի այդ բարեփոխումների տեքստը, քանի՞սը նրանցից կհասկանան ինչու՞ են ընտրելու, կամ ինչու չեն ընտրելու այս համ այն տարբերակը...
Սահմանդրության մեխը մարդու կողմից իշխելու իր լեգիտիմ իրավունքի փոխանցումն է իր շարքերից սերող մարդկանց փոքրաթիվ հմուտ, լեգիտիմ, լեգալ խմբին ինչպես նաև դրա հետ կապված իրավաքաղաքացիական ու քաղաքական հարաբերությունների ողջ տիրույթը: Եթե մարդիկ կարծում են, թե այդ ամենը իրենց համար օտար է, ապա որքան էլ փոփոխվի Սահմանադրությունը, այն իր հիմնական նպատակի չի ծառայի: Սակայն այստեղ հիմնական հարցը այլ է. որքանո՞վ են մարդիկ ցանկանում փոխել այդ իրավիճակը, որը տասնամյակներ շարունակ նրանց «ձեռք է տալիս» է....
Ալեն Ղևոնդյան