Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում ընթացող Համահայկական 6-րդ խաղերի ֆուտբոլային մարզաձևը կանցկացվի Արցախում։
ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության սպորտի վարչության բաժնի վարիչ Վալերի Հայրիյանը տեղեկացրեց, որ Համահայկական խաղերի՝ Արցախում նախատեսված ֆուտբոլային եռօրյա հանդիպումները կմեկնարկեն օգոստոսի 4-ին, ժամը 18:00-ին՝ Ասկերանի մարզադաշտում:
Համահայկական խաղերի ֆուտբոլ մարզաձևի արցախյան հանդիպումները կմեկնարկեն Իսպահան- Ստեփանակերտ խաղով, որին նախորդելու է միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը՝ մասնակցությամբ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի:Կկայանա նաև համերգ:
Հաջորդ երկու օրերին կկայանան Մոնրեալ- Իսպահան և Ստեփանակերտ- Մոնրեալ ֆուտբոլային հանդիպումները, որից հետո առաջին և երկրորդ տեղերը գրաված թիմերն իրենց խաղերը կշարունակեն արդեն Երևանում:
Ստեփանակերտում՝ Արցախի պետական համալսարանի մարզադահլիճում կկայանան Համահայկական խաղերի վոլեյբոլի մրցումները, որի ընթացքում առաջին, երկրորդ տեղեր զբաղեցրած թիմերը նույնպես խաղերը կշարունակեն Երևանում:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտն այդ խաղերում կներկայացնի «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի ավագների հավաքականը՝ գլխավոր մարզիչ, սպորտի վարպետ Սլավա Գաբրիելյանի գլխավորությամբ :
Վրեժ Հովսեփյան