Տնտեսվարող սուբյեկտների ստուգումների քանակը նվազագույնի հասցնելու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը քննարկվել է բոլոր խնդիրն առնչվող գերատեսչությունններում եւ առաջարկիվել է որոշման նախագիծ: Այն կառավարության այսօրվա նիստին ներկայացնելով, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշել է, որ մինչև 2016թ. հունվարի 1-ը կտրուկ սահմանափակվել են բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների ստուգումների: Տեսչական բարեփոխումների ընթացքում արդեն իսկ ստուգումներն իրականացվում էին բացառապես ստուգաթերթրի հիման վրա: Եթե այժմ տեսչական մարմինները գործադրում են մոտավորապես 170 ստուգաթերթ, ապա կառավարության այսօրվա որոշմամբ մինչև տարեվերջ կասեցվում է 170 ստուգաթերթի մոտավորապես 90 տոկոսը:

 


Մնացած 10 տոկոսի դեպքում թույլ է տրվել ստուգումներն իրականացնել միմիայն բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, ինչպես օրինակ՝ ավտոգազալցակայանները և այլն: Իրականում, սրանով կրճատվելու է ստուգումների 98 տոկոսը: Ստուգումների սահմանափակումը չի վերաբերելու միայն այն հիմնարկներին և բաժնետիրական ընկերություններին, որոնք պետական սեփականություն են և չեն մասնակցում տնտեսական արդյունքի ստեղծմանը, այն դեպքերում, երբ ստուգումը պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքով կամ, երբ ստուգման պահանջով դիմել են տնտեսվարող սուբյեկտները:
Շարունակվելու են ստուգումները մանկապարտեզներում և դպրոցներում՝ երեխաների անվտանգ և որակյալ սննդի կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով կամ երբ էական վտանգ է սպառնում հանրային անվտանգությանը, կյանքին և առողջությանը:
Նման դեպքերում համապատասխան տեսչական մարմինը պետք է նախապես հիմնավորումներ ներկայացնի ՀՀ վարչապետին, որի գրավոր համաձայնության դեպքում միայն թույլատրվելու է համապատասխան ստուգումը:

 


Հարցի քննարկումն ամփոփել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Ես կարծում եմ, որ այս որոշման ընդունումը շատ կարևոր է և դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի բարելավման վրա: Այդ առումով հանձնարարում եմ բոլոր նախարարներին՝ խստագույնս հետևել օրենքի տառին և այս որոշմամբ սահմանված կարգավորումներին:
Մյուս կողմից՝ հորդորում եմ մեր տնտեսվարող սուբյեկտներին որոշման պահանջները տեսչական մարմինների կողմից չպահպանելու դեպքերում գրավոր դիմել համապատասխան նախարարին կամ կառավարության աշխատակազմ, որին, երաշխավորում եմ, սահմանված կարգով ընթացք կտրվի ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության կողմից:

 


Իսկ ինչ վերաբերում է հարկային ստուգումներին. կարևորելով պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդիրը՝ ֆինանսների նախարարության կողմից անցկացվող հսկողական միջոցառումները պետք է իրականացնել բացառապես ստվերային շրջանառության առկայության դեպքերում, ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա, ֆինանսական ցածր կարգապահություն դրսևորող հարկ վճարողների նկատմամբ: Հանձնարարում եմ ֆինանսների նախարարին՝ վերանայել ռիսկայնության չափանիշները՝ նպատակ հետապնդելով նվազեցնելու ստուգումների քանակը:
Միաժամանակ հորդորում եմ հարկ վճարողներին՝ լինել բարեխիղճ, չխուսափել հարկերը ճիշտ և ժամանակին վճարելուց, բարձրացնել ֆինանսական կարգապահությունը, ինչը հնարավորություն կտա նրանց նկատմամբ նվազեցնել ստուգումները»: