«Ցեղասպանությունների առաջին և հիմնական սահմանումը տվել է հրեական ծագումով լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը, դեռ Երկրորդ աշխարհամարտի ավարտից քիչ առաջ' ֆաշիստական Գերմանիայի' հրեաների հանդեպ գործած վայրագություններն իրավականորեն սահմանելու համար: Ապա արդեն ստեղծվեց ՄԱԿ-ի միջազգային դատարանը, որը և երկար տարիներ դարձավ որպես հարթակ ցեղասպանությունների դատապարտման համար: Սակայն ավելի գլոբալ մարդկությունը իր դեմ գործված հանցանքների քննության ու պատժի հետ կապված խնդիրներին բախվեց անցյալ դարի վերջերից, երբ Հռոմի ստատուտի հիման վրա ստեղծվեց Հաագայի միջազգային քրեական դատարանը, որն էլ այսօր զբաղվում է նաև ցեղասպանությունների քննմամբ ու պատժով»,- նշեց քաղաքագիտության թեկնածու Վարդան Մաթևոսյանն օրերս Սառնաղբյուր գյուղում տեղի ունեցած, Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի շրջանակներում երիտասարդ պատմաբանների համապետական ամառային դպրոցում իր դասախոսության ժամանակ: Վերջինս նշեց, որ այսօր արդեն Լեմկինի սահմանումին կան առաջարկություններ ավելացնել ևս երկու կետեր' ցեղասպանությունը որպես մարդկության դեմ գործված հանցանք իր բովանդակային ու նկարագրային մասով ամբողջացնելու համար: Այն հարցին, թե Հայաստանը ինչու չի փորձում Հայոց Ցեղասպանության խնդիրը տեղափոխել միջազգային քրեական իրավունքի ոլորտ, պարոն Մաթևոսյանը նշեց, որ Հայաստանը դեռ չի միացել Հռոմի ստատուտին և այս առումով դեռ ասպարեզում միայն ՀՀ գործող նախագահի կոալիցիոն նամակն է առկա' ուղղված Հաագայի ատյանին:
Իհարկե Հաագայի միջազգային քրեական ատյան հարցի փոխանցումը նաև այլ խութեր էլ ունի, որոնք ավելի շատ կապված են ոչ այնքան իրավական ոլորտի, որքան գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների հետ: ԵՏՄ գոտում գտնվող Հայաստանի համար այստեղ հարց է, թե Հայոց Ցեղասպանության հարցը Հաագայի ատյան տեղափոխելը արդյոք հերթական անգամ հարցը միջազգային աշխարհաքաղաքական կոնյուկտուրալ գործարքների ու դիպլոմատիկ խաղերի հորձանուտում չի հայտնվի, ինչի առնչությամբ մեր բարձրացրած հարցին, պարոն Մաթևոսյանը պատասխանեց, որ «իհարկե նման վտանգ կա, քանի որ մի կողմից ԵՏՄ ինտեգրացիոն պրոցեսները շատ ավելին են, քան միայն տնտեսական ինտեգրացումը և իր մեջ ներառում է նաև քաղաքական ու նույնիսկ սոցիալ-մշակութային ինտեգրացիա, ինչը մեզ ակամա դնում է Արևմուտքի հակտոնյա ճամբարում, և բացի այդ էլ, ինչպես հայտնի ասացվածքն է ասում' «Նա է երաժշտություն պատվիրում, ով վճարում է»: Իսկ այս դեպքում անկանխատեսելիության տոկոսն աճում է":
Ի դեպ, վերջին շրջանում հատկապես երիտասարդ թուրք մտավորականների շրջանում այն տեսակետն է սկսել ձևավորվել, որ այո խառը ժամանակներ էին ու կոտորածներ եղել են, որոնք գուցե և համապատասխանում են Լեմկինյան սահմանման որոշ կետերի, սակայն որոշ կետերի էլ չեն համապատասխանում ու հետևաբար չի կարելի ցեղասպանություն կոչել: Այս խնդիրը առաջանում է մեր կարծիքով այն պատճառով, որ Լեմկինի սահմանումն ուներ իր առաջ դրված հստակ խնդիրը նկարագրային իրավական սահմանում տալ Հրեական Մեծ Ողցջակիզմանը /Հոլոքոսթին/ և ոչ թե Ցեղասպանությանն առհասարակ և արդեն վերոգրյալ երկու կետերի ավելացումը գուցեև բերի այս բացի լրացմանը:
Արման Գրիգորյան