Ամեն տարի հուլիսի 28-ը շատ երկրներում նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր: Առողջության համաշխարհային կազմակերպությունը աշխարհի տարբեր երկրների բժիշկներին խորհուրդ է տալիս այս օրը իրազեկման արշավներ անցկացնել՝ մարդկանց պատմելով հեպատիտի և դրա արդյունքում առաջացող հիվանդությունների մասին: Քիչ կարևոր չեն նաև կանխարգելիչ միջոցառումները' ախտորոշում իրականացնելը, հեպատիտ B-ի դեմ պատվաստումներ կատարելը և այլն:
Հեպատիտի վիրուսները համարվում են մարդկության առողջությանը սպառնացող հիմնական գործոններից: ԱՀԿ տվյալներով, հեպատիտն ամբողջ աշխարհում վարակել է մոտ 2 միլիարդ մարդ, այսինքն' մոլորակի վրա բնակվող ամեն երրորդ բնակչին: Որոշ երկրներում վիրուսային հեպատիտ A-ով վարակվել է բնակչության մեծ մասը, իսկ բնակչության տասներորդ մասը հեպատիտ B և C վիրուսների կրողներ են:
Հեպատիտ են անվանում լյարդի հյուսվածքների բորբոքումը: Առանձնացնում են վիրուսային հեպատիտը. այն լյարդի բջիջներում բազմանալուն ընդունակ վիրուսն է հարուցում: Տարբեր վիրուսներով հարուցված հեպատիտները տարբեր ձևերով են փոխանցվում, սակայն նրանք բոլորն էլ կարող են լյարդի սուր և քրոնիկ բորբոքում առաջացնել, որը հաճախ
հանգեցնում է ցիռոզի և քաղցկեղի:
Հեպատիտից պաշտպանվել կարելի է երկու եղանակով: Առաջին հերթին կարելի է փորձել խուսափել վարակվելուց' պահպանել հիգիենա, պետք է զգույշ լինել արյան փոխներարկման և սեռական հարաբերությունների ժամանակ: Երկրորդ տարբերակի դեպքում կարելի է պատվաստում կատարել: Սովորաբար, պատվաստանյութը մարդուն հուսալիորեն պաշտպանում է A և B վիրուսներով վարակվելուց:
Յուրաքանչյուր մարդու կողմից հիգիենային վերաբերող գիտելիքնեըը գործնականում կիրառելը, հեպատիտ A և B իմունիզացիայի կարևորությունը ճանաչելը, ինչպես նաև պատվաստման ընկերությունների մասնակցությունը հնարավորություն կտան պահպանել ոչ միայն տվյալ երկրի, այլև ամբողջ երկրագնդի բնակչության առողջությունը:
2011թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս ամսաթիվն անցկացրեց օրացույցի մեջ և Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը պաշտոնական կարգավիճակ ստացավ:
Գրիգորյան Ժորա