Ալեքսանդրապոլը (այժմ Գյումրի) Հայոց Ցեղասպանության ժամանակ ապաստան է տվել մոտ հարյուր հազար գաղթականների

 

«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ալեքսանդրապոլի գավառը ապաստան դարձավ տասնյակ հազարավոր արևմտահայերի համար»:- Այսպես ամփոփեց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Հայրապետյանն իր դասախոսությունը' նվիրված Առաջին աշխարհամարտին Հայ գաղթականության այն հատվածին, որը հաստատվել էր Ալեքսանդրապոլ քաղաքում /այժմ Գյումրի/ համանուն գավառում, որը տեղի ունեցավ օրերս Վահրամաբերդի կամ Մարմաշենի վանական համալիրում Հայոց Ցեղասպանության հարյուրամյա հիշատակին նվիրված երիտասարդ պատմաբանների հանրապետական ամառային դպրոցի շրջանակներում:

 

Ըստ պարոն Հայրապետյանի, Հայ գաղթականների առաջին խմբերը՝ մոտ 3000 մարդ, Ալեքսանդրապոլ հասան 1914թ. նոյեմբերին: Փախստականների հոսքն ավելի մեծ մասշտաբներ ընդունեց Սարիղամիշի օպերացիայի օրերին: Համաձայն 1915թ. հունվարի 30-ին անցկացված մեկօրյա ցուցակագրման տվյալների՝ 1914թ. դեկտեմբերից մինչև 1915թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Կարսից, Կաղզվանից, Օլթիից, Արդահանից և Սարիղամիշից գավառ գաղթեց 6909 մարդ: Հաջորդ ամիսների ընթացքում արևմտահայության ներգաղթն ընդունեց զանգվածային բնույթ: Այսպես, եթե 1915թ. հոկտեմբերի 1-ին անցկացված նոր ցուցակագրման տվյալներով գավառում կար 22815 արևմտահայ, ապա արդեն 1916թ. հունվարի 3-ին այդ թիվը հասավ 32000-ի:

 

Իսկ ընդհանուր առմամբ, 1914-1917թթ. ընթացքում Ալեքսանդրապոլի գավառն ընդունեց ու ճանապարհեց ավելի քան 95000 գաղթականների: Արմեն Հայրապետյանը ներկաների ուշադրությունն հրավիրեց հատկապես այն հարցին, որ հայերի հետ գաղթականության ուղին էին բռնել նաև հույներն ու ասորիները, սակայն այն տարբերությամբ, որ հույներին նախապես ռուսական հրամանատարությունն զգուշացրել է սպասվող ռուսական բանակի նահանջների մասին, ինչը հնարավորություն է տվել նրանց ապահով գաղթել ավելի ապահով տարածքներ: Ըստ պարոն Հայրապետյանի այս շրջանի մասին վիճակագրական տվյալները չափազանց բարդ է ուսումնասիրելը, քանի որ փաստական տվյալները չափազանց քիչ են, հատկապես Ալեքսանդրապոլ քաղաքի ու համանուն գավառի մասով և այս առումով անգնահատելի է ժամանակի մամուլի դերը, որն այս դեպքում ստանում է պատմական սկզբնաղբյուրի արժեք, քանի որ թերթերը ամեն օր հստակ թվային տվյալներ են փոխանցել, իսկ թղթակիցներն էլ, զբաղվել են նաև վիճակագրությամբ, քանի որ եղել են նաև բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներ:

 

Արման Գրիգորյան