«Գիշերային Գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչների ժամանումը Հայաստան նախատեսված է հուլիսի 31-ին:
ՀՀ- ում Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահի տեղակալ Սերգեյ Սաժումյանն ասել է,- «Մենք նախատեսում ենք, որ «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները Բագրատաշենի սահմանային անցակետում կլինեն հուլիսի 31-ին, սակայն չենք բացառում, որ նրանք կարող են ժամանել նաև հաջորդ օրը` օգոստոսի 1-ին. Ռուսաստանի Դաշնությունում եղանակային պայմանները այնքան էլ հաջող չեն»:
Նա նշել է, որ Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ և նորաստեղծ մոտոակումբի ներկայացուցիչների հետ իրենք ուղևորվելու են Բագրատաշեն` դիմավորելու «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչներին:«Մենք պլանավորում ենք, որ օգոստոսի 1-ի երեկոյան նրանք հավաքվելու են Երևանի Հանրապետության հրապարակում: Այնուհետև, օգոստոսի 2-ի կամ 3-ին մենք կազմակերպելու ենք նրանց մամուլի ասուլիսը. օրը կհստակեցվի ավելի ուշ»,- հայտնել է Սերգեյ Սաժումյանը:
Նա հավելել է, որ «Գիշերային Գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մոտոարշավ-երթ են իրականացնելու Հայաստանի տարածքում և Լեռնային Ղարաբաղում։ «Երթի ընթացքում այցելելու ենք Ծիծեռնակաբերդ, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցանկալի կլինի, որ մեր երթին միանան նաև Հայաստանի բոլոր բայկերները»,- ընդգծեց Սաժումյանը։
Վրեժ Հովսեփյան