Վերջին օրերի ամենաքննարկվող թեման սահմանադրական փոփոխություններն են, որի վերաբերյալ կարծիքները խիստ հակասական են:
Այդ առիթով «Գելափ ինթերնեյշնլ» ասոցացիայի հայկական ներկայացուցչությունը հարցում է անցկացրել քաղաքացինրի շրջանում և ներկայացրել հետազոտությունների արդյունքները:
«Գելափ ինթերնեյշնլի» փոխանցմամբ հարցումներին մասնակցած շուրջ 1100 քաղաքացիների 45 տոկոսը տեղյակ է եղել, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ են անցկացվելու, իսկ հարցին, թե կա՞ արդյոք ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու անհրաժեշտություն, քաղաքացիների 46 տոկոսը դրական պատասխան է տվել, իսկ 38 տոկոսը նշել է, որ Հայաստանում նման փոփոխությունների կարիք չկա:
Հարցին, թե ինչպե՞ս են վերաբերում կիսանախագահական մոդելից պառլամենտականին անցմանը, քաղաքացիների 32 տոկոսը դժվարացել է պատասխանել, 28 տոկոսը բացասական է արտահայտվել, իսկ 24 տոկոսը' դրական:
Իհարկե լավ է, որ նման հարցումներ են անցկացվում պարզելու, թե քաղաքացիներն ինչ կարծիք ունեն մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, սակայն ավելի լավ կլիներ, եթե հարցումներից զատ ճշգրիտ ու մանրամսան տեղեկատվություն տրամադրվեր հասարակության լայն շերտերին' վերջիններիս հանգամանալից իրազեկելով, թե ինչ է իրենից ներկայացնում Սահմանադրությունը և որն է սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը:
Հ.Գ. Հետաքրքիր է, բացի դեմ կամ կողմ կարծիքներ արտահայտելուց, արդյո՞ք քաղաքացիները հիմնավորել են իրենց պատասխանները:
Նարե Սարգսյան