Ռուսաստանցի մեծահարուստ գործարար Գերման Ստերլիգովը, ով ընտանիքով հաստատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում, հայտարարել է, որ ադրբեջանցիները վախենում են Արցախի պատկանելության մասին բաց քննարկումից, իսկ հայերը` ոչ:

 

«ՎԿոնտակտե» սոցցանցում իր պաշտոնական էջում, մեկնաբանելով Ադրբեջանում իր դեմ քրեական գործ հարուցելու մասին լուրը, Ստերլիգովը նշել է, որ այդպես է ադրբեջանական կողմն արձագանքել ռուսաստանցի, հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ կլոր սեղան անցկացնելու մասին իր առաջարկին:


«Նշանակում է` վախենում են պատմականորեն Ղարաբաղի պատկանելության մասին թեմայի փաստերով բաց քննարկումից: Հայերը չեն վախենում բաց քննարկումից, ռուսները չեն վախենում: Իսկ ադրբեջանցիների մոտ հիստերիա եւ սպառանալիքներ են: Ի՞նչ կարող է դա նշանակել», -հարցնում է Ստերլիգովը:

 

Օրերս Մոսկվայից Շուշի վերադարձած Ստերլիգովը դիմել է ադրբեջանցիներին, «եւս մեկ անգամ հրապարակորեն հաստատելով անվիճելի եւ բացարձակ պատմական ճշմարտությունը. Ղարաբաղը վաղնջական հայկական հող է»:

 

«Առանց բացառության բոլոր հնամյա տարեգրությունները, պահպանված քարտեզները, հին գերեզմանոցները եւ գերեզմանները խոսում են այն մասին, որ Ղարաբաղը` հնամենի հայկական հողերի մաս է», -հայտարարել է Ստերլիգովը:

 

Ռուսաստանցի հայտնի գործարար, «Ալիսա» սակարանի հիմնադիր Գերման Ստերլիգովը լքել է Ռուսաստանը եւ վաճառում է իր ունեցվածքը: Ինչպես ավելի վաղ ռուսաստանյան ԶԼՄ-ներին հայտնել էր Ստելիգովի օգնական Պոլինա Սիրոտան, գործարարը 2015 թվականի հուլիսի 4-ին ընտանիքով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ռուս գործարարի անունը մտցվել էր ադրբեջանական ԱԳՆ-ի տխրահռչակ «սեւ ցուցակ»:

 

Օրերս մեկնաբանելով զրպարտության մեղադրանքով Ռուսաստանում իր եւ փաստաբանի դեմ բացված քրեական գործով տեղեկատվությունը, Ստերլիգովը հայտարարել էր, որ ինքը «թքած ունի Ադրբեջանից եւ Իսրայելից սադրիչների ապարդյուն ճիգերի վրա, որոնք փորձում են օգտագործել իրավաբանական մեխանիզմներ եւ թույլ չտալ իրեն վերադառնալ ԼՂՀ»:

 

Ռուսատանում Ստերլիգովի դեմ մասնավոր բնույթի քրեական գործը հարուցվել է Իսրայելի բնակչուհի Միլանա Գորենշտեյնի կողմից, այն հիմնավորումով, իբր, գործարարը «վիրավորել» է նրա անձը: Նա նաեւ Մոսկվայի փաստաբանների պալատին խնդրել է կարգավիճակից զրկել Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովին։

 

Վրեժ Հովսեփյան